15-Ը ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով եւ միմյանց կկապի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները (սկիզբը՝ Ներքին Չարբախ, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն): Երթուղին կանցնի նոր կառուցված Շիրակ-Բաբաջանյան կամուրջով: Այս մասին երեկ՝ ապրիլի 3-ին՝ Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

 

Վերջինս նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաեւ համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանները, համար 1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12-մետրանոց ավտոբուսներով, իրար կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Նույն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել հետեւյալ փոփոխությունները. ««Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվեն հ.58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաեւ գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Ավան, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի համար 97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչեւ Նուբարաշեն վարչական շրջան: Համար 22 երթուղու շարժակազմը եւս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ եւ 4-րդ փողոցները: Համար 38 երթուղում եւս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը որոշակի կբարելավի ներկայի իրավիճակը:

Այսպիսով, մինչեւ ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:

Մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել համար 18 (Սիլիկյան թաղամաս-Վարդաշեն համայնք), համար 13 միկրոավտոբուսային երթուղին, որտեղ կգործարկվեն 12 «Ժոնգ տոնգ» ավտոբուս, համար 47 երթուղին (14 հատ ավտովբուս): Շահագործման կհանձնվի թվով 18 բարձր դասի  ավտոբուսներ, որոնք կսպասարկեն համար 9 հիմնական երթուղին: Համար 53 եւ 54 երթուղիները եւս կփոխարինվեն «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով՝ 14-ական հատով: 53 երթուղին Հաղթանակ թաղամասում կունենա երթուղու փոփոխություն: Սարի թաղում 21 համար երթուղում «պազիկների» փոխարեն կմտնեն փոքր դասի ավտոբուսներ»,-ասաց վարչության պետի պաշտոնակատարը:

Ըստ Սարգսյանի՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 եւ 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմների համալրում՝ 20-25 ավտոբուսներով:

Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել եւս 110 ավտոբուս:

 

 

 

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

Հայաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի անձնակազմը սկսել է հսկիչ ստուգում անցկացնել ձմեռային ուսումնական շրջանի մշտական տեղակայման կետերում եւ բարձրլեռնային Կամխուդ եւ Ալագյազ զորավարժարաններում. այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Առաջին փուլում ստուգվելու են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը, անձնակազմի օպերատիվ պատրաստվածությունը, սպառազինությունն ու զինտեխնիկան։

Կստուգվեն նաեւ զինծառայողների տեսական գիտելիքները ուղղորդող փաստաթղթերի, կանոնակարգերի, իրավիճակային եւ մարտավարական խնդիրների լուծման անվտանգության պահանջների բնագավառում։

Վերահսկիչ ստուգման հաջորդ փուլում անձնակազմը կկատարի մարտական պատրաստության առաջադրանքներ բարձրլեռնային պայմաններում՝ անվավոր եւ զրահատանկային տեխնիկայի վարման վարժություններ, հրաձգություն բոլոր տեսակի սպառազինություններից, ինչպես նաեւ կհանձնի հատուկ, տեխնիկական, մարտավարական, շարային եւ ֆիզիկական պատրաստության, ռազմական տեղագրության եւ ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության նորմատիվներ:

Հարավային ռազմական օկրուգի մարտական հենակետում ուսուցման ձմեռային շրջանի վերահսկողական ստուգումները կիրականացվեն ցերեկային եւ գիշերային ժամերին։

 

 

 

 

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 1-ին Երեւան քաղաքի Նար-Դոս փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետեւանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարեւանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաեւ Երեւանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետեւանքով խաղալիքների պահեստի վարձակալը եւ գույքի սեփականատերը կրել են էական վնասներ:

Դեպքի առթիվ ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրերունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության շահագործման ոչ պիտանի պահուստարանի քանդման աշխատանքներն իրականացվել են Ա/Ձ-ի կողմից, որը մինչ այդ «Ալրաղաց» ԲԲԸ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա եւս իրականացրել է բազմաթիվ այլ պահուստարանների քանդում։

Վարույթի շրջանակում կատարվել են հարցաքննություններ, վերցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, նշանակվել է դատաշինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների՝ անվտանգության եւ շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաեւ աշխատանքների թույլտվության եւ կատարման իրավապայմանագրային պայմանների եւ ժամկետների պահպանվածության հարցը։

 

 

 

ՎՃԱՐՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ

2006 թ.-ին հայ-վրացական սահմանագծում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի վարչական հողերից 50 հեկտար հողատարածք մնացել է փշալարից անդին։ Այդ 50 հեկտարից  5,2 հեկտարը Դեղձավան գյուղի 19 բնակիչների սեփականությունն է, 4,4 հեկտարը համայնքային սեփականություն  հանդիսացող վարելահող է,մոտ 40,4 հեկտարը՝ համայնքային սեփականության արոտավայրեր։ Ցանկապատված հատվածի աջ եւ ձախ կողմերում առաջացել է 15 մետր  լայնությամբ սահմանային շերտ, որը  որոշ հատվածներում կիսել է դեղձավանցի հողի սեփականատերերի հողատարածքները եւ գործնականում անհնար դարձրել հողերի մշակման աշխատանքները։ Այդ չմշակվող հողերի համար ո՛չ հողի սեփականատերերը, ո՛չ էլ համայնքը  դրամական փոխհատուցում չեն ստացել,  այդ հողերը համայնքի հաշվեկշռից դուրս չեն գրվել։ Դեղձավան բնակավայրի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ 2006-ից մինչեւ 2008թ. նշված հողատարածքների եւ այլ հողերի հարկերի պարտքերը 2012թ.-ին ընդունված «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքով ներվեցին։ Դեղձավանի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանի բացատրագրի հիման վրա՝ Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանին, Դեղձավանի վերոհիշյալ հողերի սեփականատեր, հարկային արտոնություն ստացած 19 բնակիչների փոխարեն, 2022 եւ 2023 թթ. համար հաշվարկված հողի հարկը՝ յուրաքանչյուր տարի 33 հազար 557 դրամ, վճարել է Նոյեմբերյան խոշոր համայնքի բյուջեից։ Դեղձավանի համայնքապետարանը 2006-2012թթ. դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ԱԱԾ, որպեսզի այդ հողերի հարցին լուծում տրվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Դեղձավանի համայնքապետարանին առաջարկել է գյուղի համարժեք հողերով փոխհատուցել այդ հողերի սեփականատերերին։  Յուրի Հովհաննիսյանը նույնպես սեփական հողամաս ունի նշված սահմանային հատվածում։ Նա հայտնեց, որ Դեղձավանը համարժեք հողամասեր չունի, համայնքի պահուստային հողատարածքները կա՛մ ավելի ցածրարժեք են՝ ոռոգելի չեն, կա՛մ էլ 25 տարի ժամկետով վարձակալությամբ են տրված։ Դեղձավանի համայնքապետարանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը առաջարկել է այդ 50 հեկտար տարածքը հանրային գերակա շահ ճանաչել եւ դրա դիմաց փոխհատուցել Դեղձավանի բնակիչներին։ Նախարարությունից պատասխանել են, որ  այդ հողատարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, գյուղացիներին կարող են անցագրով անցնել փաստացի սահմանը եւ մշակել իրենց հողերը, սակայն Դեղձավանի բնակիչներն ասում են, որ չեն կարող անցնել իրենց հողով ձգվող փշալարը եւ 15 մետր լայնությամբ ճանապարհը, որին մոտենալ չի թույլատրվում։ Վերոհիշյալ 50 հեկտարից ավելի քան 40 հեկտարը արոտավայր է, որից զրկվել է սակավահող Դեղձավան գյուղը։ Եթե տարիներ առաջ Դեղձավանի բնակիչները շուրջ 200 խոշոր եղջերավոր անասուն էին պահում, արոտավայրի պակասության պատճառով այժմ շուրջ 40 գլուխ են պահում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս