ԿԳՄՍՆ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացավ, որ միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ: ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի եւ միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը։ Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

 

Արաքսյա Սվաջյանն անդրադարձել է 2022 թ. ՀՀ Ազգային Ժողովի ընդունած Կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի այն կետերին, որոնցով սահմանվել են կրթության ոլորտի զարգացման տեսլականը, վերջնական նպատակը եւ ռազմավարական ուղղությունները եւ ներկայացրել նախանշված հիմնական աշխատանքները։ Ռազմավարական նպատակի իրականացման համար սահմանվել են 3 ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն եւ մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների արտադրանքի միջազգայնացում եւ արտահանում։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է 2024-2026 թվականների ՄԺԾԾ նախագծում նախատեսվող հանրակրթության եւ նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նոր նախաձեռնությունները։ Ըստ նախարարի տեղակալի` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների եւ Կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրերը, 2026 թվականի համար սահմանվել են կրթության զարգացման համար մի շարք կարեւորագույն թիրախներ՝ ապահովել առնվազն 500 մանկապարտեզի եւ 300 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը կամ վերանորոգումը, նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնել առնվազն 85 տոկոսի:

Նախատեսվում է նաեւ ներդնել մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում ամբողջական ներդնել հանրակրթության նոր չափորոշիչները, բարելավել կրթության որակը՝ հատկապես ԲՏՃՄ ուղղություններով, եւ այլն։ Խոսելով հանրակրթության եւ արտադպրոցական կրթության ծրագրերի մասին՝ մասնավորապես առանձնացրել է «Ապահով դպրոց» եւ «Կրթության որակի ապահովում. ուսուցիչների մասնագիտական զարգացում» ծրագրերը։

Փոխնախարարի խոսքով՝ «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում 2024-2026 թթ. նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում կառուցել կրթական որակյալ ծառայությունների հասանելիությունն ապահովող կրթական կենտրոններ։ Մյուս կարեւոր ծրագրերից է արվեստի եւ սպայական ավագ դպրոցների ստեղծում՝ առանձնահատուկ եւ արդիական կրթական ծրագրերի ներդրմամբ, նորակառույց ենթակառուցվածքներով եւ գերժամանակակից տեխնիկական միջոցների ապահովմամբ։ Ծրագրի հիմնական շահառուները հանրապետության դպրոցների 10-12-րդ դասարանների սովորողներն են: ՄԺԾԾ ծրագրում կարեւորվել է նաեւ «Կրթության որակի ապահովում. ուսուցիչների մասնագիտական զարգացում» ծրագիրը, որի շրջանակում 2024-2026 թթ. համար նախատեսվում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների մասնագիտական առաջխաղացման՝ ներառյալ ատեստավորման հնարավորությունների ընդլայնում՝ փոխկապակցելով այն աշխատանքի արժանապատիվ վարձատրության մեխանիզմների եւ մասնագիտական ստանդարտների հետ։

Քննարկվել է նաեւ «Կամավոր ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակի բարձրացմանը» նոր նախաձեռնությունը, որի արդյունքում կկարգավորվեն պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող արտադպրոցական ուսումնական հաստատությունում դասավանդող մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի, ինչպես նաեւ որեւէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող եւ մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձի կամավոր ատեստավորման կազմակերպման, անցկացման եւ այլ հարցեր։ Ներկայացվել են նաեւ «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն» ծրագրի շրջանակում 2024-2026 թթ. համար նախատեսվող նախաձեռնությունները։ Այս համատեքստում Արաքսյա Սվաջյանը կարեւորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրմանը, մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը, ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրմանը, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովմանը, ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը միտված նոր գործընթացները։

Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ուղղել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Դրանք վերաբերել են ուսուցիչներ պարտադիր վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը, ոլորտի վերահսկմանը, ինչպես նաեւ մասնավորի հատվածի հետ, մասնավորապես՝ կրթություն-աշխատաշուկա սերտ համագործակցությանը։ Հնչեցված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերի դեպքում այլ ձեւաչափով եւս քննարկումներ անցկացնել 2024-2026 թթ. բյուջետային հայտի եւ միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ։

 

 

 

 

ՀԱՅՏՆԻՆԵՐԸ՝ ԱՂԱՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՍՏԵՆԴԱՓԻՆ

Ապրիլի 1-ին կայացավ սիրված դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանի «Կյանքս» ստենդափը:

 

Բացի դերասանի երկրպագուներից, դահլիճում էին նաեւ նրա ընկերները՝ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Ժաննա Բուտուլյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմեն Վարդանյանը, Անիտա Ավանեսյանը, Դիաննա Գրիգորյանը եւ այլք։  Աղաս Մանուկյանը «Կյանքս» ստենդափով ներկայացնում է իր կյանքը՝ վերածելով այն հումորի:  Նա անդրադառնում է մանկությունից մինչեւ մեր օրերը, բոլոր հումորները հիմնված են իրական պատմությունների վրա, այսպիսով դերասանը կրեատիվ ձեւով պատմում է իր պատմությունն ու իր անցած ուղին:  Նշենք, որ «Կյանքս» ստենդափի առաջին պրեմիերան տեղի է ունեցել մարտի 15-ին եւ 16-ին:

 

 

 

 

ԿԾԱՂԿԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

 

4 տարում առաջին անգամ Նյու Յորքի բուսաբանական այգում կծաղկի հսկայական դիածաղիկը։ Այն հայտնի է նաեւ որպես Ամորֆոֆալուս տիտանական, կարող է հասնել 12 ֆուտի (ավելի քան 3,6 մետր) եւ ծաղկել 7-10 տարի (ծաղկումը տեւում է 24-36 ժամ)։

Սա հազվադեպ տեսարան կլինի Նյու Յորքի բնակիչների համար, որոնք կցանկանան զգալ նրա զզվելի բույրը. այն փտող մսի հոտ ունի։

Բուսաբանական այգին կազմակերպել է ուղիղ հեռարձակում, որպեսզի ծաղիկների սիրահարներն ամբողջ աշխարհում կարողանան հետեւել այդ տեսարանին՝ սպեցիֆիկ «բույրը» չզգալով։

Բուսաբանական այգու ներկայացուցչի խոսքով՝ ծաղիկն իր հզոր գարշահոտությամբ գրավում է փոշոտող միջատներին, որոնք սնվում են մեռած կենդանիներով։

Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի ծաղիկն իր կոկոնը ձեւավորի, բայց հենց դա տեղի է ունենում, ծաղիկներն անհավանական արագությամբ են բացվում։

Ամորֆոֆալուս տիտանականը Նյու Յորքի բուսաբանական այգում ծաղկել է 2016, 2018 եւ 2019թթ.։

 

 

 

 

ՆՎԱՃԵԼ ԵՆ 7 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) դարձել են հաղթող. հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Պատանեկան մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Յուրի Մխիթարյանը (45 կգ), Լիպարիտ Մկրտչյանը (48 կգ), Սամվել Տերտերյանը (60կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ) եւ Գրիշա Ոսկանյանը (92 կգ):

Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) եւ Գոռ Խաչատրյանը (71կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել Յուրիկ Կարապետյանը (55 կգ), Արթուր Ամոյանը (65 կգ) եւ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (80 կգ):




Լրահոս