SHAMSHYAN.com-ը երեկ հայտնել է, որ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը վարկած ունի. կասկածները տանում են այն ուղղություն, որ վերոնշյալ քաղաքացուն սպանել է ադրբեջանցի այն զինվորականը, որը ապրիլի 10-ին ևս մեկ զինվորականի հետ հատել էր ՀՀ սահմանը և մտել Սիսիանի գյուղերից մեկը: Նրանցից մեկին իրավապահները բռնել են և կալանավորել, իսկ մյուսին մինչ օրս փնտրում են:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում:
Ք.Մ.