
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին:
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը: