ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒՇՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Երեւանի կենտրոնում՝ Կասկադում, աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։

 

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է` դավաճան, որից հետո Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է գալ եւ բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյհանք հնչեցրել եւ, բառի ուղիղ իմաստով, թքել է քաղաքացու վրա։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ արձագանքել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած այս միջադեպին ու իր գրառումը «Ազգային խայտառակություն» վերնագրել։

Առաջին նախագահը նշել է, որ ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:

-Պարո’ն Խաչատրյան, քաղաքացին վերջերս ահազանգեց, որ ԱԺ նախագահը հայհոյել է  իրեն ու թքել իր վրա. ի՞նչպես կգնահատեք ԱԺ նախագահի վարքագիծը, ընդունելի համարո՞ւմ եք այն:

-Այն քաղաքացուն, որի մասին խոսում եք, ես նրա ոչ մի ասածին չեմ հավատում, բայց որ չի կարելի մարդուն վիրավորել կամ կոպտել, դա հաստատ է:

-Առաջին նախագահն ասում է, որ իշխող ֆրակցիան պետք է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց բարձրացնի. ի՞նչ կասեք այս մասին, հնարավո՞ր է՝ նման հարց բարձրացնեք:

-ԱԺ նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն է, Ալեն Սիմոնյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կարծում եմ, որ կուսակցության ղեկավար մարմինը պետք է այս հարցը քննարկի: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը դիտարկում եմ որպես հուշում. կարծում եմ՝ արժի, որ նրա առաջարկը քննարկվի խմբակցության բարձրագույն մարմնում:

Պետք է քննարկվի, ու անհրաժեշտ պատասխաններ տրվեն: Պատգամավորները, ԱԺ նախագահը, կուսակցության ղեկավարները պետք է ընդունեն, որ հանրային ֆիգուրներ են, եւ նրանց գործունեությունը պետք է լինի հանրության խոշորացույցի տակ, ցանկացած սխալ պետք է մատնանշվի. սա նորմալ է: Եթե մենք ուզում ենք, որ մեր հանրության ներսում համերաշխություն տիրի, իսկ մենք դա ուզում ենք, պետք է կողմնապահություն չանենք եւ բոլորի սխալները շեշտենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԱՄՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԴԱՏԱԿԻՐՆԵՐԻ ԿՈՉԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, եւ ունի խոշոր հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի եւ այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակչությանը։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է գազի մատակարարման պարբերական ընդհատումներով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների աշխատանքը, փակվել են կրթական հաստատությունները։

Հատուկ մանդատկիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետեւանքներ ունենալ բնակչության համար եւ խախտել նրանց իրավունքները։

Հաղորդագրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու իրավունքի հարցով հատուկ զեկուցողի եւ Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետի անունից:

 

 

 

 

 

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ

ՔՊ-ում կրկին արշալույսները խաղաղ չեն:

Այս անգամ էլ ՔՊ-ականների թիրախում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Անդրանիկ Քոչարյանը «կոալիցիա» են կազմել ու ակտիվ հակաքարոզչություն են տանում՝ ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի:

Վերջինիս մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն էլ իսկական առիթ է դարձել նրանց համար։

Նրանք օգտագործում են նաեւ այս միջադեպը՝ ՔՊ ներսում Ալեն Սիմոնյանի դեմ տրամադրություններ հրահրելու, պատգամավորներին ընդդեմ Սիմոնյանի տրամադրելու համար, որպեսզի պաշտոնանկության պրոցես սկսեն:

ՔՊ կոալիցիոն այս եռյակը հարմար առիթներ է փնտրում նաեւ Նիկոլ Փաշինյանի ականջին Ալեն Սիմոնյանի մասին տեղեկություններ հասցնելու համար: Մինչ այս պահը դեռ Փաշինյանին չեն կարողացել տրամադրել Ալեն Սիմոնյանի դեմ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ արձագանքելով ԱԺ նախագահի պահվածքին, ՔՊ-ին հորդորել էր Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց բարձրացնել: ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ խմբակցության բարձրագույն մարմնում պետք է քննարկվի Ալեն Սիմոնյանի հարցը: Արդյոք ՔՊ-ն կգնա այս քայլին, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Հավելենք, որ ՔՊ ներսում ոչ պակաս ակտիվ է նաեւ Ալեն Սիմոնյանի կողմնակիցների թեւը, որոնք ամեն հարցում պաշտպանում են վերջինիս:

 




Լրահոս