Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել են 2023թ. մարտի 1-ին Ջրվեժ համայնքում տեղի ունեցած սպանության դեպքի էական հանգամանքներ:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին Ջրվեժ համայնքում գործող խանութի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու եւ մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձեւափոխման հարցի շուրջ։ Անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք բերած եւ իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել էր փախուստի:
Երեւան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ՝ հանձնարարություն էր տրվել ոստիկանությանը նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, եւ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Շարունակվող նախաքննության ընթացքում Ոստիկանության հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում քրեական հետապնդման ենթարկվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ում ներկայացվել է մեղադրանք։
Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։
Դատարան միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը վերստին քննարկելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թեւի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել հիվանդանոց տեղափոխվածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է «Տոյոտա Ալփարդ» մակնիշի մեքենայի վարորդը: Մասիս քաղաքի 68-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
ՍՊԱՆԵԼ Է ՍԿԵՍՈՒՐԻՆ
Ապրիլի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, սակայն մինչ շտապօգնության ժամանումը 62-ամյա Վարսենիկ Մ.-ն հանկարծամահ էր եղել: Նշված հասցե մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ-քննչական խմբին մահացածի որդին հայտնել էր, որ ժամը 15.30-ի սահմաններում մայրը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Արտաքին զննությամբ 62-ամյա կնոջ դեմքին եղել են կապտուկներ, որոնց վերաբերյալ որդին հայտնել է, որ մայրը մարտի 31-ին տանն ընկել է: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածի որդու 40-ամյա կինը մետաղյա շերեփով պարբերաբար խփել է սկեսրոջ գլխին, դեմքին: Ստացված մարմնական վնասվածքների հետեւանքով 62-ամյա կինը մահացել է:
40-ամյա կինը ձերբակալվել եւ ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:
ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆ
Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին, ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997 թվականին) պայթել է ականի վրա: Վերջինս տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից:
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ
Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
2022 թվականի դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:
Կատարված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Չարենցավան քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի դռան առջեւ տեսել է տեղադրված թուղթ՝ որի վրա եղել է 5.000.000 ՀՀ դրամի պահանջ, ինչպես նաեւ այն չվճարելու դեպքում՝ բռնություն գործադրելու, կյանքից զրկելու սպառնալիքներ պարունակող ձեռագիր գրառում: Հաջորդ օրը՝ ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նույն բնակարանի շքամուտքին նմանատիպ գրառումներով թուղթ է նկատել նաեւ հիշյալ քաղաքացու կինը:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական եւ վարութային պլանավորված գործողություններ. առգրավվել են դեպքի վայրի մոտակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 2003 թվականին:
Ձեռք ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել, եւ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: