Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ հակառակորդը կրակել է Սոթքի հանքավայրի աշխատակիցների ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին:
Նրա հաղորդմամբ՝ հանքավայրի աշխատանքը շարունակվում է դադարեցած մնալ, աշխատակիցները տարհանված են. «Գիշերվա ժամերին են եղել կրակոցները: Ժամանակ առ ժամանակ կրակում են, անընդհատ լարված վիճակ են պահում, ստացվում է՝ այդ տարածքն անընդհատ կրակի տակ են պահում: Կրակում են հենց հանքի աշխատակիցների ուղղությամբ, մեքենաներին էլ է կպնում այդ կրակոցները»,-պատմում է Ավետյանը:
Քրիստինա Մուշեղյան