Հայաստանից կտոր-կտոր վերցնում են, վերջում էլ գալու են Հյուսիսային պողոտայում նստեն. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի նախագահը երեկ հերթական սպառնալիքն է հնչեցրել Արցախում բնակվող հայերի հասցեին՝ հայտարարելով, թե «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու համար այլ տեղ գտնեն»։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան, ըստ ձեզ՝ հերթական սպառնալի՞քն էր սա:

-Մեզ համար դա նորություն չէր, սա ոչ այլ ինչ է, քան շովինիզմի և նացիզմի քաղաքականություն՝միջազգային հանրության բացարձակ պապանձվածության պայմաններում: Որևէ մեկը հայտարարություն չի արել՝ քննադատելով Ադրբեջանի նախագահին՝ թե այս ի՞նչ է ասում, կարո՞ղ է սա Երրոդ ռայխի կուսակցական հանդիպումն է կամ համագումարն է, որ այդպիսի գաղափարներ են հնչեցվում: Որտե՞ղ է միջազգային դատարանը, որտե՞ղ են միջազգային կազմակերպությունները, որտե՞ղ են այն մարդիկ, որոնք Երևանում ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով բղավում էին մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ալիևը մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության է ենթարկում: Նման անտարբեր կամ խրախուսող պահվածքը խարխլում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վստահությունը: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ խառնվել է, արժեզրկվել է, իլյուզաներով չպետք է ապրենք:

-Այսինքն՝ միջազգային հանրության լռության հետևա՞նք է Ալիևի այս սպառնալից հռետորաբանությունը:

-Միջազգային հանրության լռության և խրախուսման հետևանքով է այս ամենը, Սիրիայի նախագահ Ասադիին կամ Ռուսաստանի նախագահին են փորձում դատել, իսկ մի մարդու, ով ցեղասպանութուն է իրականացնում ու բացեիբաց դրա մասին խոսում է, չի ճանաչում միջազգային դատարանի որոշումը, թքած ունի ամեն ինչի վրա, ասում են՝ սա լավ մարդ է, աշխատում են հետը, պայմանագրեր են կնքում, ձեռքն են սեղմում, սա է իրականությունը:

-Պարո՛ն Բաբայան, իր գրեթե բոլոր ելույթներում Նիկոլ Փաշինյանի մի թեզ է առաջ տանում, թե Մադրիդյան սկզբունքներով Հայասստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, նման հայտարարությունները չե՞ն վնասում բանակցային հետագա գործընթացին:

-Ես չեմ ուզում որևէ մեկին մեկնաբանել, բայց կասեմ հետևյալը, որ որևէ մեկը 1988թ-ից հետո, Ադրբեջանից ու Թուրքիայից հետո, չի ճսնաչել Արցախն Ադրբեջանի մաս: Փաշինյանը, երբ այցելել էր Ստեփանակերտ ու հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է ու վերջ, այդ ժամանակ Մադրիդյան սկզբունքներ կայի՞ն, թե՞ չկային: Մադրիդյան սկզբունքներում գրված չէ, թե Արցախ Ադրբեջանի մաս է, Ադրբեջանը պնդում է դա, մենք էլ պնդում ենք, որ այդպես չէ, մենք պետք է մեր գաղափարներին տեր կանգնենք, իրենք էլ իրենց գաղափարներին թող տեր կանգնեն, խնդիր չէ: Ամենակարևորն այն է, որ մենք սկզբունքորեն շարունակենք մեր պայքարը, քանի որ Արցախը կորցնելուց հետո Հայաստան չի լինելու, քանի անգամ ենք սա ասել, ասողին լսող է պետք, ասել ենք, որ Արցախը բեռ չէ, այո, այն ծանր է, բայց վահան է: Հիմա Արցախը ջախջախված է, տեսնում եք, Հայաստանից կտոր-կտոր վերցնում են, վերջում էլ գալու են սրընթաց կերպով Հյուսիսային պողոտայում նստեն:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս