Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Լիտվայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կատարած հայտարարության մեջ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Լիտվայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:
Նա բարձր է գնահատել Լիտվայի նախագահի հետ հանդիպելու հնարավորությունը վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:
«Վերջին տարիների բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հանձնառության մասին:
Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար, և կարծում եմ՝ այդ առումով առկա է բավարար ներուժ:
Այսօր նախագահ Նաուսեդայի հետ ունեցանք անկեղծ մթնոլորտում ընթացած հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգիա, առողջապահություն, բնապահպանություն, կապ և հաղորդակցություն, տրանսպորտ, հումանիտար հարցեր և այլն: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր երկխոսությունը՝ բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ:
Անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:
Լիտվան ԵՄ մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը»,- ասված է Հայաստանի նախագահի հայտարարության մեջ:
Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկել են տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:
«Լիտվայի նախագահի հետ միակարծիք էինք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-լիտվական հարաբերություններին.,- հայտարարել է Խաչատուրյանը:
Լիտվայի նախագահն էլ իր խոսքում ընդգծել է Լիտվայի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։
Գիտանաս Նաուսեդան կարևորել է նաև երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը: Իր խոսքով՝ այդ համագործակցության արդյունքներից է նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։