ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 171

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքում տեղի ունեցած գործընթացներից եւ հայտարարեց, որ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»,- հայտարարել էր Փաշինյանը: Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին: Մասնավորապես, հայտարարության մեջ դրույթ կար, որ սահմանի որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ: ԱԱԾ-ն նշել է, որ, հայկական կողմի հաշվարկներով, հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Ստացվում է, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, խոսեց դիրքային փոփոխության մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը փորձում էր հերքել: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն էլի խաբել է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ: Նշենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, իշխանության քննադատ Արմեն Գրիգորյանին։

 

 

 

 

ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որեւէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսեւորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Մասնավորապես, երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղեւորվում էին Ստեփանակերտ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։ Ընդ որում, Արցախի պաշտոնյաների հավաստմամբ, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ: Նույնիսկ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուն է լռում: Սյս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին ՔՊ-ն շոուներ է կազմակերպում ԱԺ-ում, որոնք արվում են հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով եւ նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը նոր գործընթացներից, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ գործերի կարճման հարցը: Ի՞նչն է փաստաբանների այս գործընթացի հիմքը: Բանն այն է, որ փաստաբանները պատրաստվում են դատարաններում եւ նախաքննական մարմիններում օրինակ բերել մարտի 4-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների վարքը ու, մասնավորապես, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած սպառնալից արտահայտություններն ու վիրավորանքները, ինչին իրավապահների կողմից մինչ օրս ընթացք չի տրվել: Փաստաբանները պահանջելու են կա՛մ իրենց պաշտպանյալների մասով քրեական վարույթը կարճել, կա՛մ ընտրովի արդարադատություն չիրականացնել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ապրիլի 4-ին անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:




Լրահոս