Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ հայտմելով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիներն արգելել են խաղաղապահների ուղեկցությամբ 27 արցախցիների մուտքն Արցախ:
«Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ, ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղեւորվել են դեպի Ստեփանակերտ։
Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետեւանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի եւ ադրբեջանցիների միջեւ անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ են վերադառնում Գորիս։
114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց եւ բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաեւ միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։
Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ եւ շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ եւ անթաքույց ստելու եւ մոլորեցնելու գործելաոճը։
Ավելին՝ տարբեր ձեւերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիեւը հունվարի 10-ի հայտարարությամբ:
Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարհանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։
Այս պահին Գորիս քաղաքում եւ ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ո՛չ ռուս խաղաղապահների, ո՛չ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ո՛չ էլ այլ միջազգային կառույցների հետ»,- գրել է նա։
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԴԵՂԱՀԱԲԵՐ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին՝ ժամը 04:00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու եւ կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 23 եւ 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների:
Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ եւ բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 դեղահաբ եւ բարդ փականով դանակ: Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Ռուսաստանի ՆԳՆ-ն սատարել է «Քաղաքացիության մասին» օրինագծի փոփոխությանը, որը նախատեսում է ձեռք բերված քաղաքացիությունից զրկում ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին Պետդումայի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ փոփոխությունը համաձայնեցված է նախագահի աշխատակազմի եւ Անվտանգության դաշնային ծառայության հետ։
Կազակովան հիշեցրել է, որ քաղաքացիությունը ստանալու դեպքում երդում է տրվում, մարդը պարտավորվում է հետեւել օրենսդրությանը, սիրել Ռուսաստանը, ինչպես նաեւ խոստանում է սպառնալիք չստեղծել ազգային անվտանգության համար։
ՆԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ պետությունն իրավունք ունի ինչպես տալու Ռուսաստանի քաղաքացիություն, այնպես էլ զրկելու դրանից։ Քաղաքացին իրավունք կունենա բողոքարկել դատարանում որոշումը։
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցադնում անելով, որ, ըստ կառավարության հաստատած չափորոշիչի, բժշկական շտապ օգնության բրիգադների ձեւավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20 հազար բնակչին մեկ բրիգադ սկզբունքով, Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի, Բերդի բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում միաժամանակ շտապ օգնության քանի բրիգադ է արդյոք գործում։ Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է. «Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի եւ Դիլիջանի «Իռ-Վիգ» բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում գործում է շտապ օգնության 1 բրիգադ։ Հիվանդի՝ Երեւան տեղափոխումը իրականացվում է բժշկական կենտրոններում առկա ռեանիմոբիլներով։ Բացի 4 բժշկական կենտրոններում գործող շտապ օգնության կայաններից, որոշ գյուղական բժշկական ամբուլատորիաների կամ առողջության կենտրոնների ենթակայության սանիտարական տրանսպորտով (որը կահավորված է անհրաժեշտ սարքավորումներով եւ դեղորայքով) իրականացվում է նաեւ «Ընտանեկան բժշկի կանչ աշխատանքից դուրս» ծրագիրը։ Տեղեկացնեմ նաեւ, որ մարզի բժշկական կենտրոնների կազմում գործող 4 շտապ օգնության ծառայությունները գործում են 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ»։
Խաղադաշտեր՝ առանց ցանկապատի
2019 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Իջեւան խոշոր համայնքի տարածքում կառուցել է մինի ֆուտբոլի 6 խաղադաշտ, սակայն դրանք չի ցանկապատել։ Իջեւանի համայնքի ավագանին որոշել է Իջեւան համայնքի 2023 թվականի բյուջեի մի հոդվածից այլ հոդվածի փոխանցել 19 միլիոն 200 հազար դրամ, որը կծախսվի 6 մինի խաղադաշտերը ցանկապատելու նպատակով (յուրաքանչյուր խաղադաշտը ցանկապատելու համար՝ 3 միլիոն 200 հազար դրամ): Հարց է ծագում՝ 2019 թվականին, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցում էր մինի ֆուտբոլի 6 խաղադաշտերը, Իջեւանի համայնքապետարանը ինչո՞ւ ՀՖՖ-ից չի պահանջել խաղադաշտերից զատ կառուցել դրանց շուրջ ցանկապատեր, անցած 4 տարում այդ մինի խաղադաշտերը ինչպե՞ս են պաշտպանվել Իջեւանում թափառող ընտանի անասուններից, դեգերող, անտեր շներից։
ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները դժգոհում էին, որ 2023 թվականի առաջին 3 ամիսների համար իրենց սոցիալական փաթեթների գումարները պետական բյուջեից չեն փոխանցվել։ Այդ խնդիրը գոյություն ուներ նաեւ քաղաքացիական ծառայողների պարագայում։ Տեղեկացա, որ մի քանի օր առաջ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողների, մարզի քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթները գումարները՝ նախատեսված 2023 թվականի հունվար, փետրվար եւ մարտ ամիսների համար, փոխանցվել են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ