ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԵՏՈՒՐՆԵՐԸ ԾԱԼՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այսկերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից։

 

«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի եւ Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:

Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, եւ Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:

Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ Ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը եւ կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայում բնակվում է երկրի 15 000 էթնիկ հայերի գրեթե կեսը, եւ քաղաքի Բեն Գուրիոնի պողոտայի երկայնքով Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը երկրորդ դեպքն է, երբ Իսրայելի տեղական իշխանությունն ընդունում է վայրագությունները: 2020 թվականին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պետահ Տիկվայում բացվեց զոհերի հուշարձանը, որը հետագայում անվանվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու:

Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետեւել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայելի Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը»,- գրել է նա: Թուրք դիվանագետները, հավելել է նա, «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից»:

Պարբերականը նկատել է նաեւ, որ վերջին տարիներին ճանաչման նոր խոչընդոտ է ի հայտ եկել՝ Իսրայելի կապերի խորացումն Ադրբեջանի հետ՝ նավթով հարուստ երկիր, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ եւ սահմանակից է Իրանին:

 

 

 

ԿՍԱՀՄԱՆՎԻ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի հերթական նիստում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ փոխնախարարի՝ չնայած որ Հայաստանն այդ հնարավորությունից օգտվելու փորձառություն ունեցել է, այդուհանդերձ օրենսդրության մեջ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախատեսել Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոնները: Առաջարկվում է սահմանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություններ կայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջներն ու փոխգործակցություն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչեւ այսօր ՄԻԵԴ-ը երկու խորհրդատվական կարծիք է տրամադրել՝ առաջինը՝ 2022 թվականի մայիսի 29-ին՝ Սահմանադրական դատարանի, մյուսը՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա: Անդրադառնալով ՄԻԵԴ դիմելու կարգին վերաբերող հարցին՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ, ըստ ներկայացված նախագծի, կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:

 




Լրահոս