The Beatles խմբի համերգի ամենավաղ ամբողջական ձայնագրությունը, որը 60 տարվա վաղեմություն ունի, հրապարակվել է Մեծ Բրիտանիայում BBC հեռուստառադիոհաղոդումների կորպորացիայի կողմից: Ձայնագրությունն արվել է 15-ամյա աշակերտ Ջոն Բլումֆիլդի կողմից 1963 թվականի ապրիլի 4-ին՝ Բաքինգեմշիրի կոմսության «Սթոու» մասնավոր գիշերօթիկ դպրոցում ռոք խմբի ելույթի ժամանակ:
Ջոն Բլումֆիլդը ձայնագրությունն ուղարկել է BBC ռադիոկայանի Front Row հաղորդաշարին: Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը, Ջոն Լենոնը եւ Ջորջ Հարիսոնը դպրոց են եկել դպրոցի աշակերտ, ազդեցիկ գործարարների ընտանիքի անդամ Դեյվիդ Մուրսի խնդրանքով, որը նամակ էր գրել Լիվերպուլյան քառյակի մենեջեր Բրայան Էփսթայնին։ Բլումֆիլդը հայտնել է, որ ելույթը ձայնագրել է իր նոր մագնիտոֆոնով։ «Այդ ժամանակ ես ակնթարթորեն հասունացա: Հավանաբար, կկարծեք, թե չափազանցնում եմ, բայց այդ պահին ես հասկացա, որ դա բոլորովին մի այլ մոլորակից է», – ասել է Բլումֆիլդը BBC-ին։
Դպրոցում համերգից երկու շաբաթ առաջ՝ 1963 թվականի մարտի 22-ին, թողարկվել Էր The Beatles-ի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Please Please Me-ն, որից կատարումներ են հնչել «Սթոու»-ում։ Ձայնագրության մեջ լավ լսվում Է երաժշտությունը, չկան երգերն ընդհատող բացականչություններ եւ կողմնակի աղմուկներ, ինչը հատուկ է խմբի մյուս ելույթների ձայնագրություններին: Բլումֆիլդը հիշում է, որ համերգից հետո երաժիշտներին տարել են դպրոցի ճաշարան, այնուհետեւ ցույց են տվել հանրակացարանում Բլումֆիլդի սենյակը: Ապրիլի 3-ին համերգի ձայնագրության մի մասը հնչել է BBC-ի ռադիոեթերում:
Հիթ-շքերթներում առաջին տեղը զբաղեցրած երգերի թվով The Beatles-ը պատմական առաջատարն է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Խումբն արժանացել է «Գրեմմի»-ի 10 մրցանակի, իսկ Time ամսագիրը խմբի անդամներին ներառել է 20-րդ դարի ամենաազդեցիկ անձանց թվում։ Rolling Stone հանդեսը The Beatles-ին հատկացրել Է առաջին տեղը բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում: Աշխարհում լիվերպուլյան քառյակի վաճառված ալբոմների կրկնօրինակների թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Խումբը գոյություն է ունեցել 1960-ից մինչեւ 1970 թվականը, որից հետո դադարեցրել Է գոյությունը, իսկ չորս երաժիշտներից յուրաքանչյուրը սկսել է սեփական կարիերան։ Այժմ բիթլներից ողջ են Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը: Ջոն Լենոնը վախճանվել Է 1980 թվականին Նյու Յորքում մոլի երկրպագուի արձակած գնդակից, իսկ Ջորջ Հարիսոնը մահացել է 2001 թվականին՝ քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:
ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ՀԱՐՍԱՆԵԿԱՆ Ping Pong»
«Հարսանեկան Ping Pong» ներկայացման հերոսներն են Գրիգը, Լարան, Մարան, Էվան եւ Ռոբը, որոնք հայտնվում են խճճված եւ զավեշտալի իրավիճակում, ինչն էլ նրանց ստիպում է ստել միմյանց, տարբեր դերեր խաղալ ճշմարտությունը կոծկելու համար: Ռեժիսոր Արշո Հարությունյանի բեմադրությամբ կատակերգության առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նախագծի պրոդյուսերներ Տիգրան Վիրաբյանն ու Արման Միտոյանը վաղուց են համագործակցում եւ կարողանում են իրենց շուրջ համախմբել տաղանդավոր ստեղծագործողների:
«Իմ սիրած դերասաններն են բեմադրության մեջ զբաղված: Փորձերի ընթացքում հասկացանք, որ ստեղծագործական խումբը կամաց-կամաց վերածվում է լավ ընտանիքի, եւ այսօր կարողացան ապացուցել, որ սիրում են, գնահատում են իրենց աշխատանքը: Հանդիսատեսի բուռն արձագանքն ապացուցեց, որ չենք սխալվել պիեսի, դերասանների ընտրության հարցում»,-պատմում է Վիրաբյանն ու ընդգծում՝ պիեսը տարբեր պատմություններից է հավաքված:
Այն հարմարեցրել ու թարգմանել է Բաբկեն Չոբանյանը՝ բառամթերքով, խոսույթով ու կերպարներով հայկական դարձնելով: Պրոդյուսերը վստահ է՝ ներկայացումը երկար կյանք կունենա: Արդեն շրջագայելու առաջարկներ են ստացել: Ներկայացման մեջ խաղում են երիտասարդ ու ավյունով լի դերասաններ Լեւոն Հախվերդյանը, Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը:
«ՇՐԵԿ»-Ը ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
«Շրեկ» անիմացիոն ֆիլմի հինգերորդ մասը մշակման փուլում է։ Տեղեկությունը հաստատել է Illumination կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Մելեդանդրին, որը հանդես է գալիս որպես ժապավենի պրոդյուսեր։ Մասնագետի խոսքով՝ հավանական է, որ սկզբնական դերասանական կազմը կվերադառնա աշխատանքի։ Խոսքն առաջին հերթին գլխավոր հերոսներին հնչյունավորող Քեմերոն Դիասի, Մայք Մայերսի եւ Էդի Մերֆիի մասին է։
«Բանակցություններն արդեն սկսվել են, եւ այս փուլում ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեր աստղերը մեծ ոգեւորություն են ցուցաբերում այս հնարավորության համար»,- հայտարարել է Մելեդանդրին։ Շրեկի հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունները շրջանառվում են մի քանի տարի։ Միեւնույն ժամանակ, մեկ այլ մուլտֆիլմի հաջողությունը` «Կոշկավոր կատու 2. վերջին ցանկությունը», կարող է ստեղծողներին մղել գործողությունների: Վարձույթի ողջ ընթացքում այն վաստակել է մոտ 500 մլն դոլար։
ՌՈՄԱՆՏԻԿ ԶԲՈՍԱՆՔ
Մոդել Քենդալ Ջեններին ու ռեփեր Bad Bunny-ին լուսանկարել են ձիերով ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։ Անցած շաբաթավերջին 27-ամյա Քենդալ Ջեններն անցկացրել է 29-ամյա ռեփեր Bad Bunny-ի ընկերակցությամբ։ Զույգը հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջեւ Hidden Hills ձիասպորտի կենտրոնում զբոսնելիս։ Նրանք միասին թամբել են մեկ ձի, մոդելը նստել է առջեւի հատվածում եւ սելֆի արել, իսկ նոր բոյֆրենդը գրկել է նրան հետեւից եւ բռնեց սանձը: Քենդալը կրում էր սպիտակ կրոպ տոպ, ջինսեր եւ երկարաճիտներ։ Մոդելը կերպարը համադրել է գլխարկի հետ, իսկ կոնքերին կապել է վանդակավոր վերնաշապիկ։ Քենդալ Ջենների եւ ռեփեր Bad Bunny-ի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2023 թվականի մարտին, երբ նրանք միասին ներկա գտնվեցին Բեյոնսեի եւ Ջեյ Զիի կողմից կազմակերպված «Օսկար»-ի երեկույթին։
ԿԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կընդունի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» առաջարկը. հաղորդում է TodoFichajes-ը, որի տվյալներով՝ ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ «Ալ Հիլյալ»-ը ցանկանում է Մեսիի հետ կնքել երեք տարվա պայմանագիր, որով ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կկազմի մոտ 1,2 միլիարդ եվրո։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ sը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Մեսին այս մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել է 17 գոլային փոխանցում։