ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԶԵԿՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել եւ հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը կարողացել է «դուրս գալ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլեւս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ. գնահատումների արդյունքներով»։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակված  ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցի մասին է: Բնականաբար, այս ամենից կարող էր տպավորություն լինել, թե, իբր, նախկիններն անբավարար էին աշխատում, իսկ այժմ առաջընթաց կա, սակայն, ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:  Օրինակ՝ 2016 թ. փետրվարի 25-ից մինչեւ 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված, եւ միայն մեկը` չկատարված: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիների զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել, օրինակ, նույն նախկինների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները կուսակցության վարչության վերջին նիստից հետո  մտափոխվել են Ալեն Սիմոնյանի մասով: Կասկադում ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո իշխող ֆրակցիայի պատգամավորները, ոմանք՝ ներքին զրույցներում, իսկ ոմանք էլ անթաքույց լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ ֆրակցիան պետք է քննարկի նրա մասնակցությամբ միջադեպը: Պատգամավորներից մի քանիսն էլ, հավանաբար առաջին նախագահի առաջարկից ոգեւորված, հայտարարում էին, որ ֆրակցիան ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց պետք է քննարկի: Բայց, արի ու տես, ՔՊ վարչության վերջին նիստից հետո իշխող ֆրակցիայի ներսում տրամադրություններ են փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նիստին ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց չի քննարկվել: Թե որն է ՔՊ-ականների մտափոխության պատճառը, հասկանալի չէ: Հավանաբար, Ալեն Սիմոնյանին, չնայած ՔՊ մի թեւի ջանքերին, հաջողվել է պատգամավորների հետ լեզու գտնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ո’չ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, ո’չ էլ նրա պաշտոնանկության հարց, առհասարակ, ֆրակցիան չի քննարկել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը քննիչները մի կողմ են դրել եւ ավելի կարեւոր գործերով են  զբաղված: Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չի քննվում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս  գործը  կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը: Բանն այն  է, որ կարտոֆիլ  վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից  հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ  ժամանակ  անց  ազատ  արձակվել: Իրավապահները  լսել  էին  նաեւ  պատգամավոր Աղազարյանին, ու  մինչ  օրս  գործով  այլ  քննչական  գործողություններ  չեն կատարվել, քրեական  գործով  չկա  մեղադրյալ, Արթուր  Հակոբյանի  նկատմամբ  էլ քրեական հետապնդում  չի  իրականացվել: Դատելով իրավիճակից՝ իրավապահները հասարակական բուռն արձագանքից  հասկացան, որ ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը, մեղմ  ասած, սարքել  էր վաճառական քաղաքացու  գլխին, եւ այլընտրանք չունեն, քան քրեական  գործը  կարճելը: Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց»  անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին:

 

 

 

Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։  Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան  մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենեւին էլ չի համարում վավերացված եւ չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը:

 




Լրահոս