«Ժողովրդի իշխանության կամ ժողովրդավարության տեսանկյունից որեւէ հետնահանջ չկա»,- Արցախի ՄԻՊ-ը՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին: Ինչպես արդեն հայտնել ենք, դեռեւս փետրվարից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է սկսել, ըստ որի՝ ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է խորհրդարանին: Նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել է Գերագույն դատարան, դատարանի համաձայնությունը ստանալուց հետո այն կրկին կվերադառնա ԱԺ՝ արդեն վերջնական քննարկման:
Սահմանադրական բարեփոխումների այս նախագծի հետ կապված՝ տարբեր տեսակետներ են հնչում. արցախցիների մի մասը դրական է գնահատում ԱԺ նախագահի այս նախաձեռնությունը, իսկ մի մասն էլ այն կարծիքին է, որ շրջափակման եւ անվտանգային լրջագույն խնդիրների պայմաններում Սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս Արցախի նախագահը Սահմանադրական փոփոխությունների առաջարկով էր հանդես եկել, համաձայն որի՝ ԱՀ Սահմանադրությունը եւ ԱՀ սահմանների իրավազորությանը վերաբերվող 175-րդ հոդվածը կարող են փոփոխվել միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխություններ առաջարկելու իրավունք ունեցողների շրջանակը, սակայն նախագահը հետ էր կանչել իր իսկ առաջարկած նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, ի՞նչ կարծիք ունեք ԱՀ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծի մասին, որեւէ կերպ այն առնչվու՞մ է մարդու իրավունքների հետ:
-Շրջափակմամբ եւ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԻՊ գրասենյակը կարծիք դեռ չի հայտնել: Նախագիծը Գերագույն դատարանում է. մինչեւ դատարանի որոշումը չլինի, մենք որեւէ ձեւով դիրքորոշում չենք արտահայտելու: Իհարկե, որոշ մարդկանց մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ մենք որեւէ ձեւով արդարադատության նկատմամբ միջամտություն ենք իրականացնում, դրա համար նախորդ անգամ էլ ՄԻՊ-ը սպասեց, մինչեւ պրոցեսը Գերագույն դատարանում ավարտվեց, ուղարկվեց ԱԺ, եւ մինչեւ ԱԺ-ի կողմից վերջնական ընդունվելն արդեն ՄԻՊ դիրքորոշումը հրապարակվեց: Այսինքն՝ այս առումով մենք շատ զգուշավոր ենք աշխատում, որպեսզի որեւէ դեպքում չդիտարկվի որպես միջամտություն կամ ուղղորդում:
-Նախորդ նախագծի դեպքում Դուք բացասական եզրակացություն էիք ներկայացրել. ինչո՞վ է այս նախագիծը տարբերվում նախորդից:
-Նախնական կարող եմ ասել, որ այս նախագիծը նախորդից տարբերվում է նրանով, որ նախորդի դեպքում Սահմանադրության անգամ այն հոդվածները, որոնք հանրաքվեի միջոցով փոփոխության պետք է ենթարկվեին, ԱԺ-ն կկարողանար փոփոխել: Այն ժամանակ մեր արտահայտած դիրքորոշումը կայանում էր նրանում, որ դրանում էինք տեսնում վտանգը, որ ժողովրդից, փաստորեն, վերցվում էր երկրի մայր օրենքը փոխելու այդ կարեւոր լծակը եւ հնարավորությունը, իսկ առաջարկված այս տարբերակում նման բան չկա: Այս տարբերակը ինքնին ենթադրում է, որ միայն ռազմական դրության պայմաններում ժամանակավոր նախագահ ընտրելու հնարավորություն է ընձեռվում ԱԺ-ին: Մենք այս նախագծի մասով էլ մեր դիրքորոշումը կարտահայտենք, բայց, իհարկե, այս անգամ չի լինելու այնպես, ինչպես նախորդի դեպքում, որովհետեւ այստեղ կոնկրետ ժողովրդի իշխանության կամ ժողովրդավարության տեսանկյունից որեւէ հետնահանջ չկա: Մենք պետք է հասկանանք, թե որքանով է մարդու իրավունքներին առնչվում այս նախագիծը. սա հասկանալուց հետո մեր դիրքորոշումը կհայտնենք: Նախորդ նախագիծը հստակ էր, որ կոնկրետ առնչվում է մարդու իրավունքներին. օրինակ՝ նախորդ առաջարկով Սահմանադրության երկրորդ գլուխը, որն ամբողջությամբ առնչվում է մարդու իրավունքներին, ուղղակի հնարավոր էր փոփոխել ԱԺ պատգամավորների կողմից՝ առանց հանրաքվեի, եւ սա մեզ համար մտահոգիչ էր, որ իրավունքների բաժինը պետք է վերապահել ժողովրդին, այսինքն՝ ժողովուրդը պետք է որոշի իր իրավունքները, ոչ թե ԱԺ-ն: Այս առաջարկի դեպքում մենք պետք է գնահատենք՝ որքանով է այն մարդու իրավունքների համար հետեւանքներ առաջացնում: Եթե գնահատականը լինի, որ մարդու իրավունքների վրա կարող է վատթարացնող կամ այլ ազդեցություն ունենալ, դրանից հետո նոր միայն կարծիք կհրապարակենք:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՇՎԵԴԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Օրերս խորհրդարանում հանդիպեցինք Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության անդամների հետ»,- հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Գործընկերներիս ներկայացրի շրջափակված Արցախում տիրող իրավիճակը։ Ընդգծեցի Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի արձանագրեն, թե ինչպես են ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ոտնահարում Արցախի խաղաղ բնակչության կյանքի եւ մյուս հիմնարար իրավունքները։
Քննարկման ընթացքում ահազանգեցի, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հանցավոր նպատակ է հետապնդում, իսկ 115 օրվա շրջափակման պայմաններում արցախահայությունը պայքարում է ողջ մնալու համար։
Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունն այս հարցում։
ԴԱՏԱԽԱԶԸ ԿԳԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի: Այս պահին իրավապահները հետեւում են քննության ընթացքին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն, թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ պահանջով մտնի խորհրդարան՝ միայն անձեռնմխելիությունից զրկելու, թե նաեւ կալանքի միջնորդությամբ: Ասել է թե՝ Մհեր Սահակյանի կալանքի հարցը դեռ երեկվա դրությամբ որոշված չէր, իսկ թե ինչ կլինի այսօր կամ վաղը, կհետեւենք զարգացումներին:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ հարցեր էին երեկ տալիս քննիչները ԱԺ պատգամավորներին. որտե՞ղ էիք դուք նստած, ինչի՞ց սկսվեց վեճը, Մհեր Սահակյանի ձեռքին ինչ-որ իր տեսե՞լ եք, որով նա հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, թե՞ ոչ, որտե՞ղ ընկավ Վլադիմիր Վարդանյանը, եւ այսպես շարունակ: Նկատենք, որ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկը հստակ չի ասել, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ իր է եղել, որով նա հարվածել է Վարդանյանին:
Քննիչները հետաքրքրվում են պատգամավորի ձեռքում եղած ինչ-որ առարկայի մասին, քանի որ Վլադիմիր Վարդանյանն է իր հաղորդման մեջ հստակ նշել, որ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Մհեր Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել: