ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից եւ դատապարտյալից  կաշառք ստանալու դեպքեր:

 

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության եւ թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու եւ խնդիրներ չստեղծելու, ինչպես նաեւ արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը նշված քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» Ա. Ղ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաեւ բջջային հեռախոսը չառգրավելու համար հիշյալ կալանավորից պահանջել եւ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է պաշտոնատար անձի կնոջ բանկային հաշվեհամարին:

Այսպիսով, կատարված բանկային փոխանցումներով ՔԿՀ պաշտոնատար անձը երկու դեպքում ապօրինի գործողությունների համար կաշառք է ստացել:

Նախաքննության ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ս.-ին եւ կալանավոր Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Ա. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ:

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրեւ իրեղեն ապացույց պահանջել եւ ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե, իբր, հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության եւ քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար:

Արդյունքում Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը վերջինս հափշտակել է: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար քննիչ Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):

Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, եւ վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ԿՐԱԿԵԼ Է ԿՆՈՋ ՎՐԱ

Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09:35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի եւ Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՎԱՐՏ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Երեւանի 49-ամյա բնակիչը, գտնվելով իր ծանոթի՝ Գավառ համայնքի Սայադյան փողոցում գտնվող բնակարանում, ծանոթացել է Երեւանի 32-ամյա բնակչի հետ, որը եւս հյուրընկալվել էր նույն բնակարանում: 49-ամյա տղամարդն իր ծանոթի հետ օղի է օգտագործել, որի ընթացքում 32-ամյա տղամարդը, գտնվելով նշված տան առաջին հարկի հյուրասենյակում, իր մոտ է կանչել 49-ամյա տղամարդուն: Նրանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վերջինս 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով չորս հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 49-ամյա տղամարդն իր նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար ազատազրկման դատապարտվելուց եւ 2022թ. մայիսին պատժի կրումից ազատվելուց հետո 2022թ. մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար զանգահարել է կնոջը, սպառնացել նրան, որ կսպանի, որն առաջացրել է այդ սպառնալիքն իրական համարելու իրական վտանգ եւ վախ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Երեւանի 49-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 194-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 

 




Լրահոս