ՎԱՐՈՐԴԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՎՆԱՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ աշխատակից, փաստացի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հ.Թ.-ի վարորդ հանդիսացող Ա.Հ.-ն մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը. Հ.Թ.-ի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չի հարուցվել: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

 

«2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Մ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը):

2020 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն), եւ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 4 տարով ազատազրկում: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաեւ պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը:

Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի պահանջը՝ նշված քրեական վարույթի ընթացքում ապահովվել է գաղտնիությունը, ինչի պատճառով հանրությունը չի տեղեկացվել, որ քրեական վարույթը վերաբերել է նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հ.Թ.-ին: Սակայն նկատի ունենալով, որ նշված վարույթով արդեն իսկ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշում (նրա նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, որի իրավաչափությունը հաստատվել է նաեւ Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից), տեղեկացնում ենք, որ նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Հ.Թ.-ն, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար եւ 2013 թվականի հուլիսի 16-ից տեղեկացված լինելով Ա.Հ.-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից պաշտոնի նշանակելու, սակայն փաստացի իր վարորդի գործառութային պարտականությունները կատարելու մասին, Ա.Հ.-ին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ա.Հ.-ի կողմից պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել: Ավելին, Հ.Թ-ն 2013 թվականի հուլիսի 13-ին ստորագրել է թիվ 158-Ա հրամանը, որով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու, նույն ծառայության օպերատիվ բաժնի առաջին կարգի մասնագետ Ա.Հ.-ին, որը փաստացի հանդիսացել է նախարարի վարորդը, հատկացվել է ծառայողական զենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ ապրիլի 6-ի նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) եւ պետական կրթաթոշակ տալու կարգում՝ հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներով պայմանավորված:

Գործող կարգով՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են Հայաստանի Հանրապետությունում գործող, հավատարմագրում ունեցող եւ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձեւերով:

Փոփոխության արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք, ինչպես նաեւ առկա խնդիրների շտկումը:

Այն հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով, հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:

 

 

 

ԵՌԱԿՈՄՊԼԵԿՏ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Տասնյակներ շարունակվող արտագաղթի, նաեւ հանրապետության ներսում  այլ բնակավայրեր տեղափոխվելու հետեւանքով Տավուշի մարզի փոքր եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցներում քիչ թվով աշակերտներ են սովորում։ Աշակերտների թվի սակավության հետեւանքով այդ բնակավայրերի դպրոցներում գործում են երկկոմպլեկտ դասարաններ, երբ տարբեր տարիքի երեխաները մեկ դասարանում են սովորում։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկատվական հարցման՝ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզի հանրակրթական 75 դպրոցներից 25-ում՝ Խաչարձանի, Աղավնավանքի, Ենոքավանի, Հովքի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Լուսաձորի, Լուսահովտի, Աճարկուտի, Դիտավանի, Կիրանցի, Ակնաղբյուրի, Գոշի հիմնական, Իծաքարի, Չինչինի, Վարագավանի, Այգեպարի, Մովսեսի, Չորաթանի, Նորաշենի, Չինարիի, Դեղձավանի, Արճիսի, Ջուջեւանի, Բարեկամավանի դպրոցներում գործում են երկկոմպլեկտ դասարաններ, Բերքաբերում՝ միաժամանակ առկա է  նաեւ եռակոմպլեկտ դասարան։ Մոսվես գյուղի դպրոցը, ուր երկկոմպլեկտ դասարան է գործում,  խորհրդային ժամանակ ունեցել է մոտ 1100 աշակերտ։ Հիմա Մոսկվայի դպրոցներում  դասարաններ կան, որտեղ աշակերտների մեծամասնությունը  մովսեսցի ծնողների զավակներ են։

 

 

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը  մարտի 21-ին որոշում է ընդունել դադարեցնել Տավուշի մարզպետարանի թվով 7 բաժինների՝  ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ  ճանապարհաշինության բաժնի, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի, քարտուղարության վարչատնտեսական բաժնի, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային  ծառայության հարցերի բաժնի գործունեությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի 7 բաժինների գործունեության դադարեցման հետեւանքով քանի աշխատակից է կրճատվելու։ Մարզպետարաից ստացված պատասախանում նշված է, որ այդ 7 բաժինների գործունեությունը դադարեցվել է ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 1550-Լ որոշման հիման վրա, այդ որոշման հիմքով այդ բաժինները միավորվել են այլ ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքում որեւէ հաստիք չի կրճատվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս