Հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ 2018 թվականից հետո իշխանության եկած անձանց խոստումներն իրականություն չեն դառնում: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլից հետո իշխանություններն անընդհատ հայտարարում էին, թե հեղափոխության շնորհիվ կարողացել են այնպես անել, որ, օրինակ, արտագաղթը վերածվի ներգաղթի: Այս հանգամանքով հպարտանում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրականությունը, սակայն, հեռու էր հպարտանալու համար հարմար լինելուց: Բանն այն է, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ը ուսումնասիրել է սահմանահատումների քանակը եւ արձանագրել՝ ինչպիսին է պատկերը հիմա։
Սկսած 2018 թվականից՝ իսկապես, սահմանային անցակետերով մուտքերի ու ելքերի տարբերությունը դրական է եղել, սակայն պատկերը հետագայում փոխվել է: 2021 թվականին Հայաստանից ՀՀ քաղաքացիների արտահոսքը վերջին 10 տարիների համար ռեկորդային էր։ Մեկնած ու ժամանած ՀՀ քաղաքացիների տարբերությունը կազմեց -73,571 մարդ, իսկ ընդհանուր սահմանահատումների տարբերությունը՝ -43,874։ Նախորդ՝ 2022 թվականին եւս բավական զգալի է երկիրը լքող Հայաստանի քաղաքացիների թիվը՝ -27,941 մարդ, փոխարենը ընդհանուր սահմանահատումների թիվը, ինչպես վերեւում նշեցինք, ռեկորդային դրական է՝ 38,732։ Այսպիսով, փաստենք՝ վերջին տարիներին կրկին ավելացել է Հայաստանից արտագաղթողների թիվը:
Հայաստանի խորհրդարանում երեկվանից փոխվել է 33 տարի գործող ավանդույթը եւ փաստաշրջանառությունը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ուղղված դիմում էր գրել, որտեղ յոթը էջի սահմաններում նկարագրված էր, թե ինչպիսի ենթադրյալ հանցանքներ է իրեն թույլ տվել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստի ընթացքում, եւ պահանջել էր դատախազությունից ուսումնասիրել վերջինիս վարքը, որտեղ ակնհայտորեն քրեական տարրեր էին առկա: ԱԺ աշխատակազմը, սակայն, հրաժարվել էր դիմումը մուտքագրել դատախազություն՝ պատճառաբանելով, թե դիմումը պետք է ուղարկվի հանձնաժողովի նախագահի առանձին բլանկով, ինչը երբեք չի օգտագործվել ԱԺ-ում, չի եղել նման բլանկ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ երեկվանից ԱԺ աշխատակազմը գլխադասային հանձնաժողովների բոլոր նախագահների համար պատրաստել է առանձին բլանկներ, որպեսզի հանձնաժողովների նախագահները ունենան առանձին, այլ ոչ թե հանձնաժողովի անունով բլանկ: Ստացվում է՝ Թագուհի Թովմասյանի ուղարկած դիմումի՝ քաղաքական պատճառներով խոչընդոտի արդյունքում ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց։
Ապրիլի 10-ին լրանում է երեք ամիսը, սակայն այդպես էլ Սահմանադրական դատարանի դատավորները տեղից չշարժվեցին: Խոսքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործի մասին է: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից սկսել էին հաշվարկն, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 2 օրից կլրանա երեք ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որեւէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Ազգային ժողովը մերժեց, իսկ ՍԴ-ն էլ ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց: Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով, բայց Նիկոլ Փաշինյանը ներեց նրա օրինախախտումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը: Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական եւ կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցերին: