Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո: Նա եւ Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել:
Համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ երկու օրերի ընթացքում Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին կրկնել է, որ Մոսկվան աջակցում է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հատուկ ընդգծել, որ գործընթացը իրենց օգնությամբ է սկսել:
«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», – նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը:
Լավրովը պնդել է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքում: Ինչպես նախորդ ամիսների ելույթներում, այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել։
«Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», – ընդգծել է նա։
Սերգեյ Լավրովը Անկարա է ժամանել մեկ օր առաջ՝ թուրքական կողմի հրավերով։ Ապրիլի 6-ի երեկոյան Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել էին ոչ պաշտոնական՝ աշխատանքային ընթրիքի ձեւաչափով։ Այսօր Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով Թուրքիան գրեթե չի սահմանափակել համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ չի միացել Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։
Լավրովը այս այցի ընթացքում, Հարվային Կովկասին, Ուկրաինային վերաբերող, միջազգային եւ տարածաշրջանային այլ հրատապ հարցերից բացի, մտադիր է քննարկել նաեւ համատեղ ռազմավարական ծրագրերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը. ատոմակայանը Թուրքիայում Ռուսաստանն է կառուցում։
Անցած տարի գարնանը Թուրքիայի նախագահը ստանձնել էր Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հիմնական միջնորդի դերը, Թուրքիայում անցած գարնանը նույնիսկ մի քանի նման հանդիպում էր տեղի ունեցել։ Անցած տարվա մայիսից, սակայն, ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը սառեցվել է, իսկ Թուրքիայում հզոր երկրաշարժի եւ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին Թայիփ Էրդողանը այլեւս նախկինի պես միջնորդային ակտիվություն չի դրսեւորում։
Ն.Հ.
ԿՄԵԿՆԻ ԹԵՀՐԱՆ
Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։
ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ընդունել ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։ Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առեւտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահգրգռվածությունը մեր երկու երկրների միջեւ կոմերցիոն կապերի խորացման եւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում։
ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) եւ Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:
Հիշեցնենք, որ նախօրեին Պենտագոնի կայքում Defender 2023 բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, եւ Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր:
Բայդենին անվանել է ապուշ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր հաջորդին՝ դեմոկրատ Ջո Բայդենին 2021թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապճեպ դուրս բերման պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու փորձի համար։ Քաղաքական գործիչը դա անվանել է «ոչ խելամիտ հանձնում»։
«Այդ ապուշները Սպիտակ տանը, որոնք պարբերաբար քանդում են մեր երկիրը՝ բոլորից ամենաաապուշի՝ անհուսալի Ջո Բայդենի գլխավորությամբ, ապատեղեկատվության նոր խաղ են սկսել՝ մեղադրել Թրամփին Աֆղանստանի իրենց ծայրահեղ, ոչ խելամիտ հանձնման համար: Ես հետեւել եմ, թե ինչպես է զարգացել այդ աղետը՝ մնացած ամեն ինչի կողքին»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան նախկին ղեկավարը ԱՄՆ գործող նախագահին մեղադրել է այն բանի համար, որ նա հրամայել է Աֆղանստանից առաջինը տարհանել զինվորականներին, ոչ թե քաղաքացիական անձանց, թույլ է տվել, որ «Թալիբանի» ձեռքում հայտնվեն զենք եւ ռազմական տեխնիկա՝ «85 մլրդ դոլարի արժողությամբ», ինչպես նաեւ՝ որ սպանվեն ամերիկացի զինվորներ։
«Դրանում մեղավոր է միայն Բայդենը, ուրիշ ոչ ոք»,- ընդգծել է Թրամփը։
ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՆԵՐԿԱ
ԱԺ բակում՝ հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող սակուրաների մոտ, տեղի է ունենում ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ելույթ ունեցավ հայերեն:
Միջոցառմանը մասնակցում էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարեւորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետեւողական քայլերի իրականացումը:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների եւ դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Իսկ, ահա, Կրեմլի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի առաջարկով: Հաղորդագրության համաձայն՝ շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվ այս համատեքստում կրկին կարեւորվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունները:
Բացի այդ, Կրեմլի հաղորդմամբ, երկկողմ հարաբերությունների հետ կապված այլ հարցեր եւս քննարկվել են: