ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային եւ հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) եւ ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը եւ դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում է նշված նախաձեռնությունը։ Հրամանով սահմանվել են քննիչների կողմից վարվելիք դասընթացի թեմատիկ շրջանակը, անցկացման կարգը, դասընթացավարներին ներկայացվող հիմնական պահանջները։
Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետեւանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների եւ երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսեւորման եղանակների, դրանք ծնող պատճառների եւ կատարմանը նպաստող պայմանների պարզ եւ մատչելի իրազեկումը։
Մասնավորապես, դասընթացների հիմնական թեմաներն են լինելու հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը եւ դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը եւ դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան եւ դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը եւ դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը եւ այլն։
Քննիչները աշակերտներին կիրազեկեն ՀՀ-ում իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։
Նախատեսվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում՝ ուսհաստատությունների վարչակազմերի հետ նախապես համաձայնեցնելով ժամանակացույցը եւ առարկայական ծրագիրը։ Դասընթացներն ընդգրկելու են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատությունները։ Դրանցում ներգրավվելու է նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը։
Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընդգծված հետեւողականություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում։ «Դասընթացը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում հրամանով սահմանված պահանջների կատարումը հաշվի է առնվելու Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքների կատարողականի գնահատման հարցում։
ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում եւ հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս):
Մասնավորապես՝
– արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի եւ սննդամթերքի, աղտոտված եւ մաքուր գույքի հանդիպակաց խաչաձեւ աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների եւ միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները եւ բորբոսի առաջացումը,
– արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով,
– հատակի եւ պատերի մակերեւույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող եւ մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
– արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում եւ կրծողների ոչնչացում չի իրականացվել,
– չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ եւ գույք։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր եւ աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը եւ դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից։
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է հետեւյալ փուլերից՝ համակարգչային գիտելիքների ստուգում, մասնագիտական գիտելիքների ստուգում, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացում եւ ընդունելության հարցազրույց։
Դասընթացը կանցկացվի տեսական եւ գործնական փուլերով, նախատեսվում է նաեւ ավարտական հարցազրույց։
Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը եւ այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 5-ն է:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:
ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի նիստում ընդունված մի շարք որոշումներով ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն մի շարք ՊՈԱԿ-ներ, մասնավորապես՝
l Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը,
l «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը,
l «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը,
l «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը,
l «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը,
l «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը,
l «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը,
l «Հատուկ կացարան» պետական հիմնարկը։
ՀԱՎԵԼԱՎՃԱՐ՝ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՄԲ
Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ՝ հետագայում բարձրացնելով նրանց աշխատավարձը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է Զինված ուժերում եւ ոստիկանությունում։ Քննարկվում են այդ համակարգին Ազգային անվտանգության ծառայությունը միացնելու ծրագրերը։
Սարգսյանի խոսքով` փոփոխությունները մի կողմից կբարձրացնեն հայ փրկարարների պատրաստության, որակավորման մակարդակը, մյուս կողմից թույլ կտան զգալիորեն բարելավել իրենց նյութական վիճակը:
«Ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից»,- ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ խոսքը հավելավճարի` գրեթե կրկնակի չափով հաշվարկի մասին է, քանի որ այս պահին էլ աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն։