Ադրբեջանցիներն ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն էին իրականացրել արցախցիների նկատմամբ` արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը միջադեպի հետեւանքով վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ: Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ:
-Պարո՛ն Խանդանյան, ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի այս քայլը, եւ ի՞նչ աշխատանք է տանում Հայաստանը՝ այս հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ:
-Դա իսկապես Ադրբեջանի հերթական սադրանքն էր ԼՂ հայության նկատմամբ, այս քայլը եւս մեկ դրսեւորում էր ապացուցելու, որ Ադրբեջանն ուզում է Լեռնային Ղարաբաղն առանց հայության թողնել: Սա Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականության շարունակությունն է, ինչը սկսվել է 44-օրյա պատերազմից հետո եւ ավելի սրվել է անցած տարի դեկտեմբերից, երբ Լաչինի միջանցքը շրջափակվեց: Եվ բոլոր միջադեպերը՝ թե՛ ոստիկանների սպանությունը, թե՛ գազամուղի պարբերաբար փակելը, եւ մյուս հումանիտար խնդիրները, որոնք առաջանում են ԼՂ-ում, Ադրբեջանի վարած քաղաքականության դրսեւորումներն են: Մեր խնդիրն է այս հացերը անդադար բարձրաձայնել միջազգային գործընկերների մոտ եւ ցույց տալ, որ Ադրբեջանը նման քաղաքականություն է վարում ԼՂ հայության նկատմամբ, որպեսզի մեծացվի Ադրբեջանի վրա ճնշումը. մեր բոլոր շփումներում խոսում ենք այս մասին, փորձում ենք բարձրաձայնել խնդիրը:
-Պարո՛ն Խանդանյան, շատ քննարկվեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն որեւէ կերպ չի արձագանքել միջադեպին. նախորդ դեպքերում թեեւ ոչ կոշտ, բայց գոնե հայտարարություն տարածվում էր: Ինչու՞ այս անգամ լռեց ԱԳՆ-ն:
-Չեմ կարող մեկնաբանել՝ ինչու հայտարարություն չեղավ. գուցե լինի արձագանք, բայց ինչ վերաբերվում է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակին եւ Լաչինի շրջափակմանը, թե՛ հրապարակային եղանակով, թե՛ հանդիպումների ընթացքում մեր դեսպանները եւ արտաքին գերատեսչության ներկայացուցիչները տարբեր հարթակներում խոսում են այդ մասին:
-Ադրբեջանի նման սադրանքների պայմաններում Հայաստանի իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության շուրջ բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ:
-Մենք կարծում ենք, որ դրա համար պետք է շարունակաբար բարձրացնել տեսանելիությունը մեր տարածաշրջանի ու տարածաշրջանում առկա խնդիրների վրա, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած քաղաքականության վրա, եւ մեր միջազգային գործընկերներին ու բարեկամ երկրներին պետք հորդորենք, որ ավելի ակտիվ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում խնդիրները կագավորելու հարցում: Մյուս կարեւոր քայլն էլ այն է, որ պետք է շարունակենք շարժվել մեր երկրի ժողովրդավարացման ուղով, ինստիտուտների զարգացման ուղով: Սա այն կարեւոր ինստիտուտն է, որ կարեւոր է եւ մեր երկիրը գրավիչ է դարձնում միջազգային հարթակում:
ԶՐՈՒՑԵՑ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՍԵՂԱՆ-ԱԹՈՌԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Սահմանամերձ Կութ համայնքի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի բերեցինք:
Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանն է լուսանկարներում: Մեծ սենյակի առաստաղը բեկորների արդյունքում դարձել է «ցանց»: Թշնամու գնդակոծություններից ավերված համայնքապետարանը ո՛չ դուռ ուներ, ո՛չ լուսամուտ, ո՛չ գույք:
ՀՀ Ազգային ժողովին պատկանող գույքի եւ տեխնիկայի հաշվին՝ իմ նախաձեռնությամբ եւ ամիսներ տեւած հետեւողական նամակագրության արդյունքում գրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան-աթոռից մինչեւ համակարգիչ): Պատուհանները նորոգվեցին USAID Armenia-ի կողմից, գույքը ձեռք բերվեց Ազգային ժողովից, մնաց տանիքի հարցը լուծենք… Նորոգումը դեռ չեմ ասում:
Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից: Միշտ ձեզ հետ եմ, սիրելի՛ ժողովուրդ»:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՄԲ՝ ԱՀՌԵԼԻ ԳՈՐԾԱՐՔ
Երեւանի քաղաքապետարանն այս տարվա փետրվարի 23-ին մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար: Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 մլն 280 հազար դրամ (մոտ 228 հազար դոլար) գումար է վճարվել ջազ համերգի համար ուղիղ մեկ ընկերությանը:
Իհարկե, առաջին անգամը չէ, որ մեկ անձից գնման ընթացակարգով նման ահռելի թվով գործարք է կնքվում, եւ այս դեպքում պատճառաբանված չէ, թե ինչու պետք է նման մասշտաբի համերգ կազմակերպել՝ վճարելով այսքան մեծ գումար։ Ընդ որում, 2023 թվականի ապրիլին Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար կազմակերպված մրցույթի հաղթողը եւս այս ընկերությունն է եղել: Հաղթող ընկերության՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար ԿԳՄՍ նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ, որ կազմում է 2.5 միլիոն դոլար։ Նկատենք, որ «Բեգրաունդ Փրոդաքշն» -ի հետ նման պատկառելի գորմարքներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ են կնքում: Օրինակ՝ 2022 թվականին վարչապետի աշխատակազմը «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ -ի հետ 33 մլն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ դարձյալ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր կնքել: Պետական տոնացույցում ընդգրկված Անկախության օրվան նվիրված միջոցառումները Կառավարությունն իրականացրել էր մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։ Իսկ ո՞ւմ է պատկանում «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը, որ մշտապես հաղթում է առանց մրցույթների։ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է: