31 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետեւանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են Human Rights Watch եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, եւ վերջիններս համարվում են բռնի անհետացածներ:
Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր եւ ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսեւորումներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին եւ նոր դրսեւորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետեւանքով տեղահանվեցին նաեւ Հադրութի, Շուշիի եւ հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:
Պատահական չէ, որ ոչ միայն 1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը տարիների ընթացքում երբեւէ հնարավորություն չեն ստացել վերադառնալ իրենց տներ եւ իրացնել իրենց իրավունքները, այդ թվում՝ տնօրինել իրենց մասնավոր սեփականությունը, այլ նաեւ ներկայումս, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ավելին, խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պաշտոնական Բաքուն այս օրերին ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը, հայերի տները, ինչպես, օրինակ, հայկական Թալիշ գյուղում:
Հատկանշական է նաեւ, որ կոպտորեն խախտելով հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները՝ Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել եւ ոչնչացնել հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միեւնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայության նկատմամբ ատելության քարոզը: Այս արձանագրումներն արդեն իսկ բազմիցս դատապարտվել են միջազգային կառույցների կողմից:
Մարաղայի ոճրագործությունից 35 տարի անց շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիվ գործողությունները, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար եւս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը:
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը տարածաշրջանում երկարատեւ ու համապարփակ խաղաղության ու անվտանգության հաստատմանը, որը հնարավոր է Ադրբեջանի կողմից առավելապաշտական ու ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվելու եւ առկա խնդիրներին արդարացի լուծումներ փնտրելու ճանապարհով:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու եւ այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Մասնավորապես, նախագծերը նպատակաուղղված են հավասարակշռելու առեւտրային ցանց – մատակարարներ հարաբերությունները՝ նախատեսելով կարգավորումներ պայմանագրի համար ուշ վճարելու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու եւ բանակցային ուժեղ դիրքով պայմանավորված այլ դեպքերի համար։
Նախագծերով նախատեսվում է նաեւ կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռք բերման հարաբերություններում առկա խնդիրները, օրինակ՝ պայմանագրի համար ուշ վճարելը, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ։
Նախագծերի ամբողջական փաթեթն արդեն իսկ ուղարկվել է շահագրգիռ սուբյեկտներին դիտողություններ եւ առաջարկներ ստանալու նպատակով։ Փաթեթը հանրության համար հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/5502/about հղմամբ։
Դիտողությունների եւ առաջարկությունների դեպքում քաղաքացիները կարող են մինչեւ սույն թվականի ապրիլի 21-ը դրանք ներկայացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով [email protected] էլ. փոստի հասցեով։
ՈՌՈԳՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԻ ՋՐՈՎ
Մի քանի օր առաջ Լոռու մարզի Թեղուտ գյուղում կայացել են Թեղուտի հանքի արդյունահանման թույլտվության ժամկետը 13 տարով երկարաձգելու, հանքավայրի ընդլայնման նախագծի վերաբերյալ հանրային լսումներ։ Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է Թեղուտի հանքավայրը վերստին շահագործել, այդտեղ տարեկան արդյունահանել 7 միլիոն տոննա հանքաքար։ Լոռու մարզում գործող մետաղական հանքերը եւ հանքաքարը վերամշակող ընկերությունները գրեթե 20 տարի սպառնալիք են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի՝ Դեբեդ հովտի պտղատու այգիների համար։ Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական գործարանը չի գործում, սակայն Ախթալայի լեռնահարստացման գործարանի, Թեղուտ հանքից արտանետումների հետեւանքով Աղստեւ գետը աղտոտվում է ծանր մետաղներով։ Գետի վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի եւ Նոյեմբերյան խոշոր համայնքի բնակակավայրերի՝ Արճիսի, Այրում քաղաքի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի հողատարածքները։ Այդ բնակավայրերում անմշակ հողեր չկան, սեփականաշնորհված եւ վարձակալությամբ տրված բոլոր հողերը մշակում են, առավել եկամտաբեր են Դեբեդի ջրերով ոռոգվող դեղձի, կորոլյոկի եւ այլ մրգատեսակների այգիները։ Դեբեդի հովտի այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս պտղատու ծառերի շուրջ հողը ամրանում է, ծառերը՝ չորանում։ Դեռեւս 2008 թվականին Պտղավան գյուղի այգեգործները ծանր մետաղներով Դեբեդ գետի աղտոտվածության վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել այն ժամանակ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին։ Այն ժամանակ փոխվարչապետ Ա. Գրիգորյանը լրագրողիս հայտնել էր, որ գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել Դեբեդից նմուշներ վերցնել եւ Երեւանում փորձաքննություն կատարել, Բնապահպանության նախարարությունն էլ երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդի ափի երկայնքով գործող գործարանների կողմից Դեբեդ արտանետումների վերաբերյալ։ Փոխվարչապետը հավաստիացրել էր՝ եթե մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ գետի ջուրը թույլատրելի նորմայից ավելի է աղտոտված ծանր մետաղներով, ապա պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար։ Այդ ժամանակից 15 տարի է անցել, ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով Դեբեդի հովտի այգիները, հողատարածքները ոռոգելու խնդիրը մնում է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ