ՆՈՐ ՖԻԼՄ՝ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնունդ» հիմնադրամը, Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա, նկարահանել է հոգեւոր, երաժշտական «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը: Ֆիլմի գաղափարն Արտակ Ալեքսանյանինն է, գործադիր պրոդյուսերը «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանն է:

 

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի համահեղինակն ու մենակատարը՝ Վահե Բեգոյանը: «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը հիմնված է 7 տաղերի վրա, որոնք ներկայացնում է մենակատար Վահե Բեգոյանը գրաբարով: Ռեժիսոր Վահե Յանի խոսքով՝տաղերի հերթականությունն ընտրվել է՝ ըստ Նարեկացու՝ տիրոջ երկրային կյանքի կարեւոր իրադարձությունների պատումների: Բացի Նարեկացու 5 տաղերից, ֆիլմում ներառված է եւս 2 միջնադարյան տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» եւ «Մարիամ Մագթաղենացի», որոնց հեղինակներն անհայտ են: Դրանք գրի է առել Կոմիտաս վարդապետը:

Մենակատարից բացի, ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ: Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան եւ Սամվել Թոփալյանը: Ֆիլմի ռեժիսորն ասում է, որ դերասանները կերպարներ չեն մարմնավորել, ընտրվել են ըստ տաղերի. «Գիտենք, որ Նարեկացին նաեւ միստիկ պոետ է, որով սկսվել է վերածնունդը հայ արվեստում ու հենց այս տաղերով, օրինակ՝ «Աչքն ծով ի ծով»-ով: Դրանք ներկայացնելու համար պետք էին իսկապես խոսքի վարպետներ՝ մեծ փորձառությամբ, տաղանդով, հմտություններով: Դերասանների ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին տաղերն ըստ արժանվույն ներկայացնելու, ընթերցելու նպատակով»:

Ապրիլի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ դիտումը, իսկ ապրիլի 5-ին, 6-ին, եւ 7-ին մուտքն ազատ էր: Բոլոր օրերին դահլիճը եղել է լեփ-լեցուն:

Վահե Յանը ցանկացել է ֆիլմը եւս մեկ անգամ դիտել, բայց դահլիճ մտնել այդպես էլ չի կարողացել. «Մարդիկ այնքան շատ էին։ Էն լույսը, որ մենք մարդկանց ուզում էինք հասցնել ֆիլմով, ստացվել է: Ես հուզվեցի, երբ տեսա այդքան մարդկանց. փաստորեն, այդ լույսի պահանջն ու կարիքը կար։ Դու անում ես մի բան, որի պահանջը կա. դրանից ավելի գերագույն զգացողություն չկա»:

Հանդիսատեսը, մեկ անգամ նայելով, չի բավարարվել: Շատերը ֆիլմի ցուցադրության երեք օրերին այդպես էլ չեն կարողացել մտնել դահլիճ. «Ինձ ֆիլմը շատ դուր եկավ: Շատ լավ նախաձեռնություն էր։ Երեք օր էր ցուցադրվելու, ու ես ամեն ինչ մի կողմ դրեցի, որ գամ ու նայեմ։ Ես շունչս պահած նայում էի ուղղակի»: «Տպավորություններս աննկարագրելի էին, շատ գեղեցիկ էր ներկայացված թե՛ մեր մշակույթը, թե՛ մեր եկեղեցին, թե՛ գրաբարի ու աշխարհաբարի համադրությունը։ Գաղափարը մեծ էր, այն հիասքանչ էր, որ եկող սերունդը կարողանա հասկանալ Նարեկացի։ Ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ, որոնք իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի բովանդակությունը»:

«Հոգեւոր բավարարվածություն էր, իհարկե, քանի որ հնարավորություն ես ունենում կադրային առումով լիացնել աչքդ, ծանոթանալ մեր հոգեւոր երաժշտությանը, իսկ անցումները շատ հետաքրքիր էին, դերասանները՝ պրոֆեսիոնալ։ Սա արժեքավոր գործ էր»:

«Դերասանական կազմը հոյակապ էր, լավ թիմ էր ընտրված, զգացվում էր, որ դերասանների ընտրությունը պատահական չէր։ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու գործերը հնչում են աշխարհաբարով: Իսկ ֆիլմի գեղեցիկ կադրերը Նարեկացու խոսքերը տեղ են հասցնում այսօրվա մարդու դիրքերից»:

«Շատ ողջունելի է նման ֆիլմ նկարահանելը, քանի որ մենք մեր Նարեկացուն ճանաչում ենք «Մատյան ողբերգությամբ», մինչդեռ տաղերն ավելի քիչ են հայտնի: Ֆիլմը լավ հնարավորություն էր ճանաչելու տաղերը»: «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի նկարահանումները տեւել են կես տարի՝ յոթ խորհրդանշական վանքերում: Ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ին՝ Հարության տոնին, ֆիլմը կցուցադրվի նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի»: Իմաստուններն ասում են. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԵՆԶԵՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում իր ֆուտբոլային ակադեմիան հիմնելու առաջարկ է ստացել. հաղորդում է Marca-ն։ 35-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում հանդես գալու առաջարկ ունի։ Պայմաններից մեկն էլ ֆուտբոլային ակադեմիա բացելն է։

Բենզեման ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել Արքայական ակումբում։ 2024-ի ամռանը նա պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որը մտադիր է ընդունել 2030թ. աշխարհի առաջնությունը։ Այդ նպատակին հասնելու ռազմավարության գլխավոր բաղադրիչն է առաջիկա տարիներին համաշխարհային աստղերի ներգրավումը Սաուդյան Արաբիայի լիգայում։

Բենզեման «Ռեալում» է հանդես գալիս 2009 թվականից։ Այս մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 97-ՐԴՆ Է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին վարկանիշային նոր աղյուսակում 97-րդն է: Ընտրանին, նախորդ աղյուսակի համեմատ, նահաջել է երկու հորիզոնականով:

Լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան:

 

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ Է ՍՏԱՑԵԼ

Սլովակիան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցեւը հայտնել է, որ հայկական անձնագիր է ստանալու ու պատրաստ շուտով կլինի նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում։

«Նոյեմբերին ես փաստաթղթեր էի հանձնել անձնագիր ստանալու համար։ Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ հայտնեցին, որ իմ անձնագիրը պատրաստ է։ Շուտով ես հայկական անձնագիր կստանամ եւ պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի ազգային հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբերությամբ սպասում եմ այդ պահին»,- ասել է Բագրինցեւը։

Էդուարդ Բագրինցեւը Ռուսական ԲԿՄԱ ակումբի սան է, հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության որակավորման խաղերի։




Լրահոս