ՍՏՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՆՆԿԱՏ ՉԵՆ ՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկումը թեժ մթնոլորտում անցավ: Իշխող ֆրակցիայի պատգամավորները քննարկումն իսկական փողոցային կռվի էին վերածել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ իշխող ֆրակցիայի դրսեւորած վարքի մասին զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

 -Պարո՛ն Իշխանյան, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը անցած շաբաթ քննարկեց ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը, որի ժամանակ աղմկահարույց միջադեպեր արձանագրվեցին: Տպավորություն էր, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները մտադրված եկել էին նիստը տապալելու: Ինչպե՞ս կգնահատեք հանձնաժողովում կատարվածը:

-Այն, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները մտադրված էին եկել նիստին, անկասկած է, բայց, իմ կարծիքով, ոչ թե այն տապալելու մտադրությամբ, այլ իրենց ստրկատիրոջ առջեւ մրցելու, թե ով է ավելի հավատարիմ ստրուկ։ Թող ներող լինի Էդգար Ղազարյանը, բայց նա հիանալի հնարավորություն տվեց նրանց ինքնացուցադրվելու։ Էդգար Ղազարյանն ինձ կհակաճառի, թե այն եւս մեկ հնարավորություն էր՝ պատռելու ՔՊ-ականների դիմակը։ Չեմ վիճի, եթե դեռեւս մեր ժողովրդի մեջ կային միամիտներ, թերեւս Էդգար Ղազարյանը հասավ իր նպատակին։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ միջադեպից առավել շահած դուրս եկան «դուխով» ստրուկները, որոնց հայհոյախառն սպառնալիքները նրանց ստրկատիրոջ կողմից աննկատ չեն մնա եւ խրախուսանքի կարժանանան։ Այդ խրախուսանքը կլինի դրամական, թե այլ, օրինակ՝ պաշտոնի բարձրացման կամ այլ տիպի, ապագայում կերեւա։

-Նիստը տապալելու հիմնական «պարտականությունն» իր վրա վերցրել էր ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը վիրավորական արտահայտություններ, անգամ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմության թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի հասցեին: Իրավական ի՞նչ գնահատականի նրա վարքագիծը պետք է արժանանա:

-Իսկ, Ձեր կարծիքով, պատահակա՞ն է արդյոք, որ Ձեր նշած անձը ՔՊ ֆրակցիայի քարտուղարն է։ Իր այս պահվածքից հետո շուտով, ամենայն հավանականությամբ, նա իր քաղաքական կարիերայում առաջընթաց կգրանցի։ Այսօր խոսել Հայաստանում իրավական հետեւանքների մասին, երբ այն վերաբերում է իշխանական ստրուկներին, անիմաստ է։

-Ինչու՞ գլխավոր դատախազը, որն ընդդիմադիրների դեպքում առանց հապաղելու անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրեր է ներկայացնում ԱԺ-ին, այս դեպքում «լռում է», համենայնդեպս, մինչ այս պահը նրա կողմից որեւէ արձագանք չկա, թեեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս հարցով դիմում ուղարկել է դատախազություն:

-Ինչպես գլխավոր դատախազուհին, այնպես էլ այլ իրավապահ կոչվող մարմինները գործում են ոչ թե օրենքով, այլ իրենց ստրկատեր՝ վարչապետ կոչեցյալի հրահանգով։ Եթե գլխավոր դատախազուհին մասնակցում է վարչապետուհու կազմակերպած միջոցառումներին եւ հաճոյանում նրան, ի՞նչ եք նրանից սպասում։ Հիշենք նաեւ՝ երբ նա վարչապետ կոչեցյալի օգնականն էր, նույն վարչապետի ցուցումով «օգնում էր» քննիչին մեղադրանք առաջադրելուն։ Այնպես որ, միամտություն է սպասել, թե գլխավոր դատախազուհին կարձագանքի ե՛ւ այս, ե՛ւ ԱԺ խոսնակի խուլիգանական արարքին։ Կրկնեմ բազմիցս հնչեցրած միտքս. Հայաստանում իրավական ճանապարհով պայքարն անշնորհակալ, անիմաստ զբաղմունք է։ Պայքարը պետք է լինի միայն քաղաքական, բայց նաեւ՝ անպայման վճռական։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

 

Մասնավորապես, նա առաջարկում է գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Որպես հիմնավորում նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»:

Նշենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի որոշմամբ: Այդ օրը՝ քննարկումների ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել եւ քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը:

Նշված ցանկի համաձայն՝ նախարարությունը շուրջ 2 ամիս ձեւավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը եւ ներկայացրել հանձնաժողովի  ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3.500 նմուշի տեքստային եւ գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10.000-ից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջնական չէ: Եվ հենց այդ պատճառով էին նրանք որոշել կրկին երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:

Հավելենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հոդված 20-ի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այսինքն՝ սա վերջին անգամ է, որ ժամկետը երկարաձգվում է, եւ այլեւս նման իրավունք չի լինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով  է  հրավիրվելու ՊԲ նախկին  հրամանատար  Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովին գործունեության քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:

Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին»: Այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովին գործունեություն ծավալելու եւ վերջնական արդյունքներ արձանագրելու համար: Նրանց իրական նպատակը պատերազմի հնարավոր հանցանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է:




Լրահոս