«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանի լեգիտիմությունը կարող է հարցականի տակ դրվել»,- ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա մանրամասն ներկայացրեց բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները իր ղեկավարած հանձնաժողովի նիստում թեկնածության քննարկման ժամանակ: «Առաջին իսկ րոպեից իշխող մեծամասնության պատգամավորները ագրեսիվություն ցուցաբերեցին, որը քննարկումների ժամանակ միայն ուժեղանում էր»,-ասաց նա։
Ապա նա թվարկեց պատգամավորի էթիկայի բոլոր այն նորմերը, որոնք նախատեսված են օրենքով, եւ որոնք խախտվել են իշխող խմբակցության անդամների կողմից: Թովմասյանը մատնանշեց նաեւ նրանցից շատերի օգտագործած փողոցային հայհոյանքը։
«Նման այլանդակությունը շարունակվեց նաեւ հենց Մանասյանի ներկայությամբ»,- նշեց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ նման պայմաններում ճիշտ կլիներ, որ Մանասյանը հետ կանչեր իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ, Մանասյանը դա չարեց։ «Եվ այստեղ միանգամայն արդարացի կարող է բարձրաձայնվել լեգիտիմության հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ունի վստահության շատ բարձր աստիճան, եւ ես ցավում եմ, որ նման միջադեպերը կարող են ստվերել այդ ինստիտուտի հեղինակությունը»,-նշեց պատգամավորը։
Նա Մանասյանին հորդորեց կոնկրետ հասցեական գնահատականներ տալ առնվազն այն դեպքերում, երբ սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչում իր ներկայությամբ։
Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության քննարկումը խորհրդարանում թեժ մթնոլորտում անցավ։
Իշխանականները խոսում էին իրենց առաջարկած թեկնածուի՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի առավելություններից, վստահորեն պնդում, որ ճիշտ ընտրություն են կատարել, մինչդեռ ընդդիմադիրները հակադարձում էին՝ համոզիչ չեն Մանասյանի պնդումները, թե լինելու է բոլորի պաշտպանը ու կաշկանդված չի լինելու։
«Սա ինձ համար պաշտոն չէ, այն պատասխանատվություն եւ առաքելություն է, եւ այն ստանձնում եմ շատ մեծ ու բարձր պատասխանատվությամբ։ Միանշանակ հանձնառու եմ փորձել, ձգտել ամեն ինչ անել այդ առաքելությունը մինչեւ վերջ հասցնելու եւ այս ոլորտը որեւէ պատշաճ մակարդակի կատարելագործելու նպատակով», – իր խոսքում ասաց թեկնածուն։
34-ամյա Մանասյանն իրավաբան է, գլխավոր դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ, նախկինում նաեւ Սահմանադրական դատարանում է աշխատել։ Խորհրդարանի ամբիոնից Մանասյանը հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է ատելության, բռնության մթնոլորտը ցրելու եւ համերաշխության միջավայրում հարցերը լուծելու համար, պաշտպանելու է բոլորի իրավունքները։
«Մանասյանի խոսքերն է՛լ ավելի ամրապնդեցին իշխանականների տեսակետը, որ ճիշտ մարդու են հանձնում պաշտպանի կառույցը»,- հայտարարեց իշխանականներից Վիգեն Խաչատրյանը։ Թեկնածուի կենսագրությունը, ասաց, իրեն վստահություն է ներշնչել, որ պաշտպանի գործը հենց նրա համար է։
«Դատախազությունում աշխատանքի որ ոլորտներն եք համակարգել, որը կրկին անգամ փաստում է, որ Դուք ուղղակի առնչություն ունեք այն բնագավառի հետ, որում պետք է հանդես գաք ապագայում։ Գնալով մենք համոզվում ենք, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, հատկապես երբ պատասխանում եք ընդդիմության հարցերին», – ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիրներն ասում էին՝ Մանասյանի մի քանի հայտարարություններ, այդ թվում՝ կոնկրետ հարցերին ընդհանրական գնահատականներ տալը, է՛լ ավելի հաստատեց իրենց տեսակետը՝ գլխավոր դատախազի տեղակալը չի կարող մարդու իրավունքները պաշտպանել։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը նշանակվել է ԱՀ պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ազատվելով պետական խորհրդականի պաշտոնից։
Հանդիպում՝ Էկոնոմիկայի նախարարությունում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ, որին մասնակցում էին նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, լոգիստիկ ծառայությունների կազմակերպմանը, մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԽԱԽՏԵԼ Է ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Քեյթ Միդլթոնը զատկական իր համարձակ մատնահարդարմամբ խախտել է թագավորական ոչ պաշտոնական վարվելակարգը։ Անցյալ տարի Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահից հետո՝ առաջին Զատիկին, Քեյթ Միդլթոնը ներկայացել էր վառ կարմիր եղունգների լաքով։
Կիրակի օրը՝ Զատիկին, Ուելսի արքայադուստրը հագել էր կապույտ երանգի վերարկու-զգեստ եւ համապատասխան գլխարկ: Քեյթը գարնանային տեսքն ամբողջացրել էր է՛լ ավելի «համարձակ աքսեսուարով»՝ վառ կարմիր մատնահարդարմամբ։ Ինչպես նշում է The Sun-ը, թագավորական վարվելակարգը խստիվ արգելում է թագավորական ընտանիքի անդամներին վառ գույնի լաք կրել, փոխարենը խրախուսում է պաստելային երանգների օգտագործումը պաշտոնական առիթների համար։
Չհաշված մի քանի դեպքեր, Քեյթ Միդլթոնը հետեւում է կանոններին, ուստի էթիկետի այս խախտումն անակնկալ էր: Բայց այս քայլը նաեւ ազդանշան է տալիս, որ ամեն ինչ փոխվում է Չարլզ III թագավորի օրոք, որի թագադրումը տեղի կունենա հաջորդ ամիս:
Նշենք, որ Եղիսաբեթ II թագուհին խստորեն հետեւել է թագավորական արարողակարգին եւ, ըստ տեղեկությունների, նույնն էր ակնկալում նաեւ ընտանիքի բոլոր անդամներից: Թվում է, թե թագավորական ընտանիքը իսկապես թուլացել է նոր թագավորի հետ:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԼԻՆԻ՝ ԿՏՈՒԳԱՆԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս նախագիծը հանրային քննարկման է դրվել ապրիլի 6-ին եւ այս ընթացքում արդեն ստացել է 29 դեմ եւ 1 կողմ ձայներ: Այս նախագծում կատարվելիք փոփոխության դեպքում տանտերը կարող է տուգանվել, եթե առանց պայմանագրի է տալիս անշարժ գույքը վարձակալության: Մասնավորապես, ՊԵԿ-ը որպես հիմնավորում նշում է այն հանգամանքը, որ օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում, մասնավորապես, քաղաքացիների` գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը։ Սակայն ՊԵԿ-ը նկատում է՝ գործնականում շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները հարկային պարտավորություննների կատարումից խուսափելու նպատակով գույքը վարձակալությամբ հանձնելիս խուսափում են վարձակալության պայմանագիր կնքելուց եւ պետական գրանցում կատարելուց: Եվ ՊԵԿ-ն առաջարկում է համապատասխան գրանցում չլինելու դեպքում սահմանել պատասխանատվության միջոց՝ տուգանք։
Մասնավորապես, այդ դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Հավելենք, որ այս նախագիծը հանրային քննարկման կմնա մինչեւ ապրիլի 21-ը, այնուհետեւ պետք է ուղարկվի կառավարություն, այնտեղ հավանության արժանանա եւ միայն ԱԺ կողմից ընդունվելու դեպքում մտնի ուժի մեջ:
ՄԵԾ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ
ՀՀ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի, Իջեւանի, Սեւքարի եւ Արծվաբերդի անտատնտեսություններում 2022թ-ին որքան վառելափայտի եւ որքան շինափայտի հատումներ են կատարվել, այդ անտառտնտեսություններում 2023թ-ին որքան հատումներ են նախատեսվում։ Անտառային կոմիտեից ստացված պատասխանում նշված է. «2022թ.-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում բոլոր հատումներով մթերվել է 16 962 խմ, որից՝ 832 խմ շինափայտ, այդ թվում՝ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 82 խմ, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 2741 խմ, որից շինափայտ՝ 67 խմ, «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 7826 խմ, որից շինափայտ՝ 391 խմ, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 6313 խմ, որից շինափայտ՝ 365 խմ։ 2023 թվականի մարտի 22-ի դրությամբ նախատեսվում է մթերել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 244 խմ փայտանյութ, «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 4937 խմ փայտանյութ, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 5425 խմ փայտանյութ, « Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ներկայումս վառելափայտի մթերում նախատեսված չէ»։