ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն եւ Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի եւ տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի եւ Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով Ս. Գ.-ին եւ Ա. Գ.-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձեւական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են եւ հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ եւ որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին եւ Հ. Մ.-ին:
Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն եւ Հ. Մ.-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձեւականորեն ընդունել են գործնական քննություններ եւ դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:
Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն եւ Հ. Մ.-ն, միջնորդներ Ս. Գ.-ն եւ Ա. Գ.-ն, ինչպես նաեւ կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են եւ բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Վերը նշված հանցավոր արարքների համար ՃՈ աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին եւ Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Ժ. Վ.-ին՝ 3 դրվագ/, միջնորդներ Ս. Գ.-ին 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 437-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐ ՈՐԴՈՒՆ
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերեւույթ հանցանքի մասին հաղորդում:
Նյութեր են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանը 2023թ. մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնեական կայքում հրապարակելուց հետո Նաիրի Հոխիկյանը «Facebook» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել՝ դատավոր Էդ. Հովհաննիսյանի նկատմամբ իր աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններով:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Ն.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:
Էդգար Հովհաննիսյանի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԴԻ
Երեւանում ապրիլի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 57-ամյա Ռ. Պ.-ն է։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները:
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 18.04.2003
թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում): Մեղադրանք է ներկայացվել նաեւ 9 անձի:
ԴԱՏԱԽԱԶԸ ՇՈՒՏ Է ԵԿԵԼ
Երեկ Ազգային ժողովը վաղ առավոտից քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուն Անահիտ Մանասյանն էր, ում թեկնածությունը հավանության էր արժանացել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Արդեն երկրորդ հարցով խորհրդարանը պետք է քննարկեր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն հավանություն տալու համար:
ArmLur.am-ը ֆիքսեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան էր եկել հարցի քննարկումից գրեթե մեկ ժամ շուտ: Բանն այն է, որ Անահիտ Մանասյանն այս պահին գլխավոր դատախազի տեղակալն է, եւ Աննա Վարդապետյանի խորհրդարան գալն ու դահլիճում նստելը պատահական չէ: Ներկա գտնվելով՝ ՔՊ-ականները եւս մեկ անգամ զգաստանում են՝ հասկանալով, որ պետք է գնան եւ ընտրեն Անահիտ Մանասյանին: