Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի եւ մագիստրատուրայի համար։
ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են՝
– ուսուցիչների վերապատրաստում եւ կրթություն,
– տնտեսագիտություն եւ կառավարում,
-էկոլոգիական եւ բնապահպանական գիտություններ,
– կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն եւ լանդշաֆտ,
– փայտի գիտություն եւ տեխնոլոգիա,
– անտառային տնտեսություն (բացի անտառային էկոհամակարգային ծառայություններից),
– անասնաբուժական բժշկություն,
-ընդհանուր բժշկություն (բացառությամբ բժշկական կենսաֆիզիկայի, բժշկական, կլինիկական եւ դեղագործական կենսաքիմիայի, բժշկական նյարդաբանության),
– ստոմատոլոգիա,
– դեղագիտություն,
-առողջապահական գիտություններ (բացառությամբ ատամնաբուժական հիգիենայի,
ֆիզիոլոգիական եւ կլինիկական սնուցման, ֆիզիոթերապիայի, ճառագայթային տեխնոլոգիայի, ատամնաբուժական տեխնիկայի),
– հանրային առողջություն,
– մեքենաշինություն,
– քաղաքացիական ճարտարագիտություն,
– համակարգչային գիտություն,
– կիբեռնետիկա,
– էլեկտրատեխնիկա եւ էլեկտրոնիկա,
-քիմիական ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա,
– սննդի տեխնոլոգիա,
-տրանսպորտ (բացառությամբ տրանսպորտային ծառայությունների, փոստային
ծառայությունների, լոգիստիկայի),
-երկրի ռեսուրսների արդյունահանում եւ վերամշակում,
– ճարտարապետություն եւ քաղաքաշինություն:
Ուսանողները կրթաթոշակ ստանալու համար էլեկտրոնային եղանակով կարող են դիմել 2023 թվականի մարտի 24-ից մինչեւ մայիսի 30-ը www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաեւ ձեռնարկ՝ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով: Տեխնիկական աջակցություն ստանալու համար թեկնածուները կարող են կապ հաստատել հետեւյալ էլեկտրոնային հասցեի՝ [email protected] եւ +421 907 551 404 հեռախոսահամարի միջոցով:
Պետական կրթաթոշակ ստանալու նախապայմանը սլովակերենի իմացությունն է։ Դիմորդները հնարավորություն ունեն լեզվի անվճար մասնագիտական ուսուցում անցնել Բրատիսլավայում 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Ընտրված թեկնածուները պարտավոր են ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջադրման պաշտոնական նամակը:
ԱՐԳԵԼՔՆԵՐ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ
Ժամկետային ծառայությունից խուսափողների համար օրենսդրությունում կկատարվեն փոփոխություններ, կկիրառվեն մի շարք միջոցներ. լրագրողներին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ Օրենսդրության փոփոխությունները Պետդուման կքննարկի ապրիլի 11-ին։
«Ծառայությունից խուսափողների համար կնախատեսվեն մի շարք ապահովիչ միջոցներ։ Եթե մարդը ծանուցագիրը չի ստանում կամ ձեւացնում է, թե չի ստանում, նրան կպարտավորեցվի հաջորդ զորակոչի ժամանակ երկու շաբաթվա ընթացքում ինքնակամ ներկայանալ զինկոմիսարիատ։ Եթե դա չարվի, ապա նրան զինկոմի թվային ստորագրությամբ ծանուցագիր կուղարկվի այն մասին, որ նրա հանդեպ ելքի սահմանափակումներ են մտցվում, կհաջորդեն այլ սահմանափակիչ միջոցներ»,- ասել է պատգամավորը։
Կարտապոլովն ավելացրել է, որ եթե զինակոչիկը նորից չներկայանա, ապա 20 օր հետո այդ զինապարտը կարող է զրկվել տրանսպորտ վարելու, անշարժ գույքի վերաբերյալ պայմանագիր կնքելու, վարկեր վերցնելու եւ այլ հնարավորություններից։
Այս դրույթները նախատեսված են օրինագծի լրացումներով, որը Դումա էր մտցվել դեռ 2018թ. սկզբին։ Դրանով առաջարկվում էին փոփոխություններ զինակոչիկի ժամկետային ծառայության համար զինկոմիսարիատ ներկայանալու շրջանակում, մասնավորապես՝ թույլ տալ ծանուցագիրը հանձնել պատվիրված նամակով՝ այն հասցեով, որը նշված է զինվորական հաշվառման փաստաթղթերում, կամ աշխատավայրի, ուսման վայրի հասցեներով։
Օրինագիծն անցել է առաջին ընթերցումը 2018թ., իսկ երկրորդը՝ 2022թ. փետրվարին։ Երրորդ ընթերցումը նախատեսվում էր անցած տարվա մարտին, բայց որոշել են հետաձգել այն եւ փաստաթուղթը վերադարձնել երկրորդ ընթերցման։
Երկրորդ ընթերցմամբ փոփոխությունները, որոնք դիտարկվելու են ապրիլի 11-ին, ենթադրում են Զինվորական հաշվառման միասնական ռեեստրի ստեղծում՝ պետական տեղեկատվական ռեսուրսի հիման վրա։ «Դրանք նաեւ նախատեսում են, որ, թղթով ծանուցագրից եւ գործատուի միջոցով հանձնվող ծանուցագրից բացի, կմտցվի ծանուցում պատվիրված նամակով եւ էլեկտրոնային ձեւով։ Դրանք բոլորը կունենան նույն իրավաբանական ուժը»,- նշել է Կարտապոլովը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔ
Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարվա փետրվարին իրականացվել է 3606 առքուվաճառքի գործարք, մինչդեռ նախորդ տարվա պետրվարին այդ ցուցանիշը կազմել է 3930: Այս տարվա հունվարին կատարվել է 3021 գործարք:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ գործարքները՝ 1057, կատարվել են Երեւանում, որը կազմում է ընդհանուրը 29,3 տոկոսը:
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մոտ 45 տոկոսը հողի գործարքներն են, 28,8 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների գործարքները, 15,2 տոկոսը՝ տների, 5,4 տոկոսը՝ ավտոտնակների գործարքները:
Փետրվարին օտարերկրացիները Հայաստանում անշարժ գույք գնելու 158 գործարք են կատարել։ Դրանցից 116 գործարք կատարվել է Ռուսաստանի, 19-ը՝ եվրոպական երկրների, 7-ական՝ ԱՄՆ-ի եւ ԱՊՀ երկրների (բացառությամբ Ռուսաստանի Դաշնության), 3-ը՝ Իրանի քաղաքացիների կողմից։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գնման 158 գործարքներից 83-ը եղել են բազմաբնակարան շենքերի բնակարանների, 24-ը` բնակելի տների: Ամենաշատը օտարերկրացիները անշարժ գույք են գնել Երեւանում (99 գործարք), ամենաքիչը՝ Սյունիքի մարզում (1 գործարք)։
Միաժամանակ, հաշվետու ամսում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում իրականացրել են անշարժ գույքի վաճառքի 243 գործարք։ Այսպես, ՌԴ քաղաքացիների կողմից իրականացվել է 178 գործարք, ԱՄՆ-ի՝ 19, ԱՊՀ երկրների (առանց Ռուսաստանի Դաշնության)՝ 18, եվրոպական երկրների՝ 16, Իրանի՝ 4, իսկ այլ պետությունների քաղաքացիների՝ 8 գործարք։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի առուվաճառքի 243 գործարքներից 104-ը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայում, 73-ը` հողի շուկայում, 54-ը` բնակելի տների, 9-ը` ավտոտնակի շուկայում:
Ամենից շատ օտարերկրյա քաղաքացիները անշարժ գույք են վաճառել Երեւանում (82 գործարք), ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում (2 գործարք)։