Արհեստական ինտելեկտի պատմության մեջ առաջին նորաձեւության շաբաթը տեղի կունենա ապրիլի 20-ին եւ 21-ին, որի ընթացքում կներկայացվի նորաձեւության եւ տեխնոլոգիայի արտասովոր միաձուլումը: Այս միջոցառումը թույլ կտա նորաձեւության սիրահարներին ականատես լինել արհեստական ինտելեկտի օգտագործմամբ նորաձեւության վերջին զարգացումներին: ԱԻ-ի կողմից ստեղծված դիզայնն այս տարի բուռն թեմա էր։ Համացանցը հեղեղված էր հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների կրեատիվ ձեւավորումներով: Դիզայներները վերաիմաստավորում են իրենց սիրելի ապրանքանիշերը եւ ստեղծում նոր նմուշներ, որոնք հաճախ գերազանցում են օրիգինալ դիզայնին կամ ստեղծում են յուրահատուկ գաղափարներ: AI Fashion Week-ը կներկայացնի արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված ամենաժամանակակից հավաքածուները։
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր թվային դիզայներները: Սկսնակ դիզայներները մինչեւ ապրիլի 15-ը պետք է գրանցվեն հատուկ ինտերնետային էջում: AI Fashion Week-ի նպատակն է բացահայտել եւ կրթել նորաձեւության ապագա աստղերին: Հագուստի մանրածախ՝ Revolve Group-ի հետ համագործակցությամբ հագուստ կարտադրվի լավագույն երեք դիզայնի հիման վրա: Միջոցառումը նպատակ ունի նաեւ բարձրացնել իրազեկությունը նորաձեւության ոլորտում արհեստական ինտելեկտի հնարավորությունների մասին եւ դրա օգնությամբ ստեղծել նոր շուկա: Օրինակ՝ նիգերիական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Վալե Օյերինդեն իր առավելություններից է համարում նորաձեւության ոլորտում «ճիշտ տեղեկատվությամբ ճիշտ արդյունքներ ստանալը»։ «Սրանք խոսքեր են, որոնք այս մասնագիտությունից հեռու մարդիկ գուցե չիմանան. որքան ավելի շատ փորձ եւ գիտելիքներ ունես այս ոլորտում, այնքան ավելի լավ արդյունքներ կլինեն»,- գրում է Vogue-ը։
McKinsey խորհրդատվական ընկերությունը կանխատեսում է, որ գեներատիվ արհեստական ինտելեկտն առաջիկա 3-5 տարիների ընթացքում կարող է 150-275 միլիարդ դոլար ավելացնել նորաձեւության եւ շքեղության ոլորտներին: Մարտին, Metaverse Fashion Week-ի շրջանակում, Tommy Hilfiger-ը եւ DressX-ը կազմակերպել էին արհեստական ինտելեկտի դիզայնի մրցույթ: Արդյունաբերությունը դեռեւս կողքից է հետեւում առաջին AIFW-ին: AI-ի առաջին նորաձեւության շաբաթը գրավեց նորաձեւության բավական հետաքրքիր ներկայացուցիչների՝ ներառյալ շատերին, որոնք դեռեւս ամբողջությամբ նորաձեւության մեջ չեն: Ստեղծագործողների մոտ 60%-ն իրենց արտադրանքը ստեղծելու համար օգտագործել է Midjourney արհեստական ինտելեկտի հարթակը։ Միջոցառումը տեղի կունենա առցանց եւ օֆլայն, հանրությունը կկարողանա քվեարկել հավաքածուների օգտին։ Եզրափակիչ անցած լավագույն 10 մասնակիցներն այնուհետեւ կգնահատվեն ոլորտի հայտնի ինսայդերներից կազմված ժյուրիի կողմից, իսկ երեք հաղթողները կստանան աջակցություն AIFW-ից՝ Revolve-ի հետ համագործակցությամբ:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«Մատրիցա»-ի աստղ Կիանու Ռիվզը նախատեսում է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին:
Կիանու Ռիվզը եւ Ալեքսանդրա Գրանտը բավական երկար ժամանակ միասին են. նրանք փակ են պահել իրենց հարաբերությունները։ Հանգստյան օրերին Կիանու Ռիվզը մեծ խնջույք է կազմակերպել Ալեքսանդրայի համար, որի համար ծախսեր չի խնայել։ Դերասանը խնջույքին հրավիրել է ընկերներին եւ ընտանիքի անդամներին, իսկ մտերիմները խոսել են նրանց հարաբերությունների մասին։
«Նրանք երկուսն էլ խելահեղ մի քանի շաբաթ են անցկացրել, եւ դա հիասքանչ էր: Ընկերները հույս ունեին, որ նա երեկույթին ամուսնության առաջարկություն կանի»,- պատմել է հյուրերից մեկը։
Նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2019 թվականին, սակայն նրանք միասին էին շատ ավելի վաղ։
«Կիանուի հարաբերություններն Ալեքսանդրայի հետ ամուր են, նրանք հարգում եւ հիանում են միմյանցով: Նրանք շատ առումներով են նման, կիսում են միեւնույն հետաքրքրությունները»,-նկատել են ինսայդերները: «Կիանուն երկար տարիներ ապրել է բավական միայնակ կյանքով, ուստի ընկերները ուրախ են, որ նա զուգընկեր է գտել»։
«Նա արդեն պատրաստել է մատանին եւ առաջարկի ելույթը, բայց նա նաեւ անհանգստանում է, որ հանկարծ աչքով չտան այն ամենին, ինչն արդեն իսկ կատարյալ է»:
ԿՀԵՌԱՆԱ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻՑ»
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» 31-ամյա բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հաստատել է, որ ամռանը կհեռանա գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից. հաղորդում է ESPN-ը։ Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ կավարտվի հունիսին եւ կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
«Ես շատ եմ աղոթել, որպեսզի Աստված պահապան լինի ինձ եւ օգնի հեռանալու այս գործընթացում։ Ես մինչեւ վերջին խաղը կանեմ հնարավոր առավելագույնը «Լիվերպուլի» համար»,- ասել է Ֆիրմինոն։
Դեռ հայտնի չէ, թե որ ակումբում է շարունակելու կարիերան Ֆիրմինոն, որը 2015 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում», դարձել է Անգլիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։