Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի՝ ՀՀ Ազգային ժողովի նիստում հնչեցրած տեսակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:

Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել է միանշանակ և ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի պահանջներին համապատասխան՝ առաջնորդվելով բացառապես ժողովրդավարության սկզբունքներով։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ:

Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և իբրև թե Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը:

Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։

Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը:

Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.

Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։

Աշխարհասփյուռ հայությանը` հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամենայն գնով կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։
Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները:

Ստեփանակերտ

19. 04. 2023 թ.




Լրահոս