Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին կրակ էին բացել Տեղ համայնքում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գյուղի դիրքերի ուղղությամբ կիրառել էին ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:
-Պարո՛ն Բագրատյան, մինչ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության գործընթացի, խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանն ամենօրյա իր սադրանքների միջոցով ցույց է տալիս, որ ամենեւին էլ միտված չէ խաղաղության գնալուն: Այս լարված պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության պայմանագրի շուրջ հետագա բանակցությունները:
-Պետք է գնալ խաղաղության գործընթացի, սակայն մեզ համար ամենակարեւորն այն է, թե ինչ երաշխիքներ պետք է լինեն դրա համար, այսինքն՝ ինքնին խաղաղության պայմանագիրը դեր չի ունենա, այն թղթի կվերածվի, եթե երաշխիքներ չլինեն, այսինքն՝ կարեւոր է երաշխիքների ինստիտուտը: Երաշխիքն այն չէ, որ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն հայտարարեն, թե իրենք երաշխավորում են այդ խաղաղությունը. դա բավարար չէ, դրա հիմքում պետք է դրված լինի Անվտանգության խորհրդի որոշում, դրա արդյունքում ցանկացած պահի միջազգային խաղաղապահներ պետք է կարողանան միջամտել: Համար առաջին երաշխավորը, իհարկե, մեր Զինված ուժերն են, բայց քանի որ թշնամին անընդհատ սադրում է, կարեւոր է միջազգային երաշխիքներ ունենալը, այդ դեպքում խաղաղության պայմանագիրն իմաստ կունենա, հակառակ դեպքում որեւէ իմաստ չի ունենա:
-Այն դեպքում, երբ միջազգային հանրությունն անգամ Ադրբեջանի սադրանքներին հստակ չի արձագանքում, չի դատապարտում, միջազգային ի՞նչ երաշխիքներ կարող են լինել:
-Ճիշտ է, միջազգային հանրությունն ակտիվ չի արձագանքում, քանի որ բոլորի ուշադրությունը կենտրոնացել է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, բայց մենք պետք է կարողանանք բարձրաձայնել եւ բոլոր դիվանագիտական խողովակներով աշխարհին տեղեկացնել այդ մասին: Փորձում ենք ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանի հակամարտության, հատկապես՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործունեության եւ հռետորաբանության վրա:
-Ի՞նչ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ միջազգային հարթակներում:
-Մեր բոլոր գործընկերները, բարեկամական խմբի անդամները, միջազգային կառույցներին մասնակցող մեր պատգամավորներն ուղարկել են սահմաններին տիրող իրադրության մասին տեղեկությունը միջազգային կազմակերպություններին, ստանում ենք նաեւ պատասխաններ, որ շուտով հանդես կգան դիրքորոշմամբ, ինչը շատ կարեւոր է:
-Ռուսաստանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ՀԱՊԿ զորքեր ուղարկել հայ-ադրբեջանական սահման. ինչու՞ Հայաստանը չի ընդունում այս առաջարկը, եթե սա լրացուցիչ միջոցառում է անվտանգության ապահովման տեսանկյունից:
-Մենք այս դեպքում խնդիր ունենք՝ ՀԱՊԿ զորքերի տեղակայման վայրի հետ կապված, այն սահմանի, որ մենք ընդունում ենք՝ որպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահման Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: ՀԱՊԿ-ը այդ սահմանները ճանաչելու խնդիր ունի. եթե ՀԱՊԿ-ը ճանաչի, որ, օրինակ, Տեղ գյուղից հյուս-արեւելք մինչեւ 5կմ ՀՀ սահմանն է, բնականաբար, մենք կցանկանանք, որ տեղակայվեն նրանց զորքերը: Ցանկացած ուժ, որը պատրաստ է մեր սահմանների անվտանգությունն ապահովելու, մեզ համար ընդունելի է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ՝ ԱՅԴ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՇՐՋԱՆԱՌՎԵՐ»
«Ես չգիտեմ` ՊՆ-ն ինչու է հերքել, բայց ունեմ տեղեկություն, որ երեկ Սոթքում լսելի կրակոցներ են եղել տարբեր տրամաչափի զենքերից. անձամբ եմ խոսել բնակիչների հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես հանքի աշխատակիցներից էլ տեղեկացա, որ իրենց անմիջապես տարհանել են հանքի տարածքից, որպեսզի հնարավոր վտանգները չեզոքացնեն. իրավիճակն այս պահին խաղաղ է։ Ինչ վերաբերում է Տեղ համայքնում տեղի ունեցած դեպքերին, ապա այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ փոխհրաձգություն, բավականին վերջերս դարձավ առաջնագիծ, ու մենք տեսանք, որ այնտեղ առաջնագծին նմանվող որեւէ բան չկար։ Ես կարծում եմ, որ տարածված տեսանյութը պետք էր ուղարկել միջազգային կառույցներին, բայց ցույց չտալ հանրությանը, որպեսզի հանրությունը չտեսնի, թե որքան անտարբեր կամ անգործունակ էին կանգնած զինծառայողները ու թշնամուն տեսնելուց չեն ոչնչացնում. դա լավ ազդակ չէ, որ մենք տալիս ենք։ Գոյություն ունի դասագրքային ճշմարտություն՝ եթե զինվորը տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան վերացնել թշնամուն։ Չէի ցանկանա, որ այդ տեսանյութը շրջանառվեր: Ես գտնում եմ, որ հայ զինծառայողի ադեկվատ արձագանքը ուշացած էր»,- ասաց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ այդպես հնարավոր է՝ փորձ էր արվում ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է առաջնային համարել խաղաղության օրակարգը։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Սիսիանի բնակավայրերում հայտնվելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց. «Ցավալի իրողություն է եւ խայտառակություն, որ ադրբեջանցի զինծառայողը կարող է թեկուզ մոլոված հայտնվել Հայաստանի ոչ միայն սահմանից ներս, այլեւ այնքան խորքը, որ գա մտնի մարդկանց տուն, հաց ուտի, փոխվի. բա մեր ուժային կառույցները, անվտանգության երաշխավորները ինչո՞վ են զբաղված, հատկապես երբ նրանցից մեկը հայտնաբերված չէ, ու ճշգրտենք՝ որտեղ է ու ինչ պլաններ ունի»։
ՍԿԱՆԴԱԼՆԵՐ ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալներ են հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը, վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել: Այսինքն՝ ինչ տվել են ընկերոթյանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում։