ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ, որ մենք ֆունդամենտալ պետք է անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այստեղ մենք ունենք երկու մաս՝ մինչեւ «Մադրիդյան սկզբունքներ» եւ «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո։ Մինչեւ «Մադրիդյան սկզբունքներ»-ը հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ԽՍՀՄ փլուզման համատեքստում  իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, ու ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը,  ստացել է անկախություն, հետեւաբար չի եղել  Ադրբեջանի կազմում, անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ.-ին՝ իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որտեղ ընդգծվում էր եւ՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը,  ու այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից։ Եթե «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում,  հետեւաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել. «Մադրիդյան սկզբունքներ»-ով  արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետո, ընդ որում՝ այդ սկզբունքների նախագծի հեղինակը,  որոշ եւ հավաստի տեղեկությունների համաձայն, հենց հայկական կողմն է եղել։ Այսպիսով, հարց է ծագում՝ եթե ԼՂ-ն չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ: Այստեղ է, որ ինքնորոշվել նշանակում է լինել որեւէ տեղ, ինքնորոշման իրավունքով այդ տեղից տեղափոխվել մեկ այլ տեղ։ «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո այդ տեղը Ադրբեջանն է: «Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ  տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։

«Սա է այդ քաղաքականության իրական բովանդակությունը,  ու մեր մեծագույն բացթողումն է, որ հենց  2018-ի այս ամեն ինչով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։

Սակայն 2007թ.-ի նոյեմբերին ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ»-ի առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը…»,- նշված էր փաստաթղթում։

Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով, իսկ մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության համաձայնագրով:

Նշվում էր նաեւ՝ հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից, սակայն մինչեւ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը:

Հ.Գ. Ավելի ուշ՝ 2009-ին, Լ’Աքվիլայում ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օմաբայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, որում ներկայացվում էին Ղարաբաղյան կարգավորման տարրերը (Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries)։ Այդ սկզբունքներում ինքնորոշման դրույթը առաջին կետից իջել էր չորրորդ կետ։ Առաջին կետում հայտնվել էր տարածքների վերադարձի դրույթը, որը երրորդ կետում էր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։

«Ցավով տեղեկացանք Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին սկսված փոխհրաձգության մասին, որի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ։

Մեր վշտակցությունն ենք բերում մեր հերոս զավակների ծնողներին ու հարազատներին՝ աղոթելով, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթեւաններում խաղաղության մեջ հանգչեցնի նրանց արդար հոգիները։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին՝ հայցելով Տիրոջ հովանին եւ զորակցությունը Հայոց բանակի հրամանատարներին եւ զինվորներին։

Հայրենյաց պաշտպան մեր քաջարի զավակների սխրանքները միշտ արիությամբ կոգեշնչեն մեր ժողովրդին՝ աննկուն ոգով անառիկ ու անվտանգ պահելու տերունապարգեւ մեր հայրենիքը եւ մեր անկախ պետականությունը։

Թող հավետ օրհնությամբ ապրի արդարների հիշատակը»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքում։

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը եւ Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանը, ինչպես նաեւ համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարեւորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:

 

 

 

ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ խոսնակի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ.

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների համար, որոնք հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղի շրջանում, դարձել են հայ եւ ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու պատճառ: Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը, եւ ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածը՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:

ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։

Մենք վերահաստատում ենք զսպվածության եւ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչերը։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»։

 

 

 

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Սահակյանին մեղադրանք է ներկայացվել. 2022 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Սահակ Կորյունի Սահակյանը իր հոր՝ Կորյուն Սուրենի Սահակյանի հետ, ինֆարկտի նախանշաններով «Հրազդան ԲԿ» ՓԲԸ տեղափոխված Գարիկ Սարդարյանին Երեւան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ ծագած անհիմն վեճը որպես չնչին առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով վիճաբանել են «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձնակազմի հետ, բացահայտ արհամարհելով հանրության մեջ ընդունված բարոյական եւ իրավական նորմերը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձնակազմի հասցեին, որի ընթացքում Կորյուն Սահակյանը քաշքշել է շտապօգնության մեքենայի վարորդ Էդիկ Մկրտչյանին եւ գլխով հարվածել վերջինիս գլխին, իսկ Սահակ Սահակյանը ոտքերով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել բժիշկ Ռուբեն Բաղդասարյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

 

 

 

ՀԵՐԹԸ ԽԱԽՏԵԼ Է

2021 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արշակ Ավագյանը, Երեւան քաղաքի Աէրացիա 1 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում՝ դրամարկղի մոտ հերթը չպահելու շուրջ ծագած վիճաբանության պատճառով սուպերմարկետի մուտքի մոտ ծեծել է Արման Ավետիսյանին. ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

 

 

 




Լրահոս