ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Watch24.am տելեգրամյան ալիքի եւ watch24.am-new ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տեւական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի, հիմնականում՝ Rolex, Audemars Piguet, Patek Philippe թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։

 

Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երեւանի բնակիչ Հ. Ք.-ն։

Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով մշակված եւ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երեւանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբեւէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ եւ միայն, առանց հետագա օտարման, 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող Rolex տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45.500 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կանխիկ եղանակով վճարվել է 45.500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցը՝ իր գործարանային տուփով։

«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել եւ բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 20.053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո եւ Breguet տեսակի բրենդային ժամացույց։

 

 

 

ԴԻ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քրեակատարողական հիմնարկից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լ.Մ.-ն հետաքրքրություններ է ունեցել թղթախաղի նկատմամբ, որն էլ, ըստ էության, միգուցե հանգեցրել է ինքնասպանության:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի եւ Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

 

ԿԻՆԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում հայտնաբերվել եւ Գավառի բաժին է տարվել 40-ամյա Աննա Ա.-ն:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Աննա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

 

 

 

ՎԱՐՈՐԴԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Ապրիլի 11-ին՝ ժամը 19:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Mazda 3 (վարորդ՝ Է. Դ.՝ ծնված 1979 թ.) եւ VAZ-2104 (վարորդ՝ Ա. Դ.՝ ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ-2104 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը եւ դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՎԹԱՐԻՑ

Ապրիլի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սեւան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սիրարփի Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորին, որը հղի էր, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը շահագործվում է Yandex ծառայության կողմից որպես տաքսի. այն վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, որը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կայանված Toyota Fortuner-ին։

Աղբյուրը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, իսկ դրա վարորդ Ն. Հովսեփյանը աշխատում է ՊԾ Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում որպես պարեկ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։

 




Լրահոս