ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում 56-ամյա կինը մահացել է H3N8 թռչնագրիպի վիրուսի շտամից. տեղեկացրել է Medical Xpress-ը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Սա հիվանդության այդ շտամից մարդու մահվան առաջին դեպքն է։

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ կինը հիվանդացել է փետրվարի 22-ին, մարտի 3-ին տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր թոքաբորբով, մահացել է մարտի 16-ին։

«Պացիենտը մի քանի ուղեկցող հիվանդություններ ուներ։ Հիվանդության պատմության մեջ նշված էր շփումը ընտանի թռչնի հետ մինչեւ ախտանշանների հայտնվելը, նշվել է նրա տան մոտ վայրի թռչունների առկայության մասին»,- տեղեկացրել ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը։ «Հաղորդման պահին պացիենտի մերձավորներից ոչ մեկի մոտ վարակ կամ հիվանդության ախտանշաններ չեն եղել»,- ավելացրել են գերատեսչությունում։

Վիրուսի փոխանցման մասին

Չնայած շփումը թռչնի հետ կարող է վարակ առաջացնել, մինչ այժմ պարզ չէ, թե որն է հիվանդության ստույգ աղբյուրը, եւ ինչպես է այդ A(H3N8) վիրուսը կապված թռչնագրիպի այլ վիրուսների հետ, որոնք շրջանառվում են թռչունների շրջանում։

Սովորաբար թռչնագրիպի դեպքերը մարդու համար վարակված ընտանի թռչնի (մեռած, թե կենդանի) հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետեւանք են կամ էլ հետեւանք են աղտոտված շրջակա միջավայրի հետ շփման։

«Ըստ երեւույթին, այդ վիրուսը մարդուց մարդու հեշտ չի փոխանցվում, ուստի դրա տարածման վտանգը մարդկանց համար ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում համարվում է ցածր»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Գրիպի վիրուսների մշտապես փոփոխվող բնույթի հետ կապված՝ ԱՀԿ-ն ընդգծում է գլոբալ համաճարակաբանական վերահսկողության կարեւորությունը։ Այն անհրաժեշտ է վիրուսաբանական, համաճարակաբանական եւ կլինիկական փոփոխությունները վերհանելու համար՝ կապված գրիպի շրջանառվող վիրուսների հետ, որոնք կարող են ազդել մարդու կամ կենդանիների առողջության վրա։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կենդանիների գրիպով մարդկանց վարակվելը հանգեցնում է տարբեր հիվանդությունների՝ կոնյունկտիվիտից, թեթեւ գրիպանման ախտանշաններից մինչեւ ծանր սուր շնչառական հիվանդություններ կամ նույնիսկ մահ։

Տեղեկացվել է հազվադեպ աղեստամոքսային կամ նյարդաբանական խանգարումների մասին։

H3N8 վիրուսը շրջանառվում է 2022 թվականից, առաջին անգամ հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայի ջրլող թռչունների մոտ։ Այն վարակում է ձիերին, շներին  եւ ծովաշներին։ Մարդկանց վարակվելու մասին տեղեկություններ մինչեւ 2022թ. չեն ստացվել։ Իսկ 2022թ. ապրիլին եւ մայիսին Չինաստանում հայտնաբերվել է ոչ մահացու երկու դեպք։ Մի պացիենտի մոտ առաջ է եկել ծանր հիվանդություն, իսկ մյուսի մոտ ախտանշանները թեթեւ են եղել։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ երկու մարդիկ էլ, հավանաբար, վարակվել էին վարակված ընտանի թռչնի հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետեւանքով։

 

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

 

Հայաստանում թմրամիջոց օգտագործողների թվի ավելացում ու օգտագործողների տարիքի երիտասարդացում է նկատվում. խնդիրը կանխարգելելու համար համապատասխան գերատեսչությունները հանձնարարականներ են ստացել վարչապետից:

 

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ԱԺ-ում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շրջանակում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ «Տելեգրամ»-ի ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի վաճառքի վերաբերյալ հարցին:

«Մենք էլ մեր բժշկական հաստատությունների միջոցով նկատում ենք, որ ոչ միայն թմրամիջոց օգտագործողների շրջանում ավելացում կա, այլ նաեւ երիտասարդացում: Ցավոք սրտի, եթե անցած տարիների ընթացքում կարող էինք ասել, որ երիտասարդ կանանց շրջանում հազվադեպ դեպքեր են գրանցվում, ապա վերջին տարիներին նաեւ կանանց շրջանում է ավելացել օգտագործումը: Հիմնականում  օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ»,-ասաց  փոխնախախար Նանուշյանը:

Հիմնականում տելեգրամյան ալիքների միջոցով տարածման հնարավորությունների ընդլայնման պատճառով երբեմն կանխարգելման աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր չէ իրականացնել, սակայն փոխնախարարը վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:

Նա հայտնեց, որ վերջերս վարչապետի գլխավորությամբ քննարկում է եղել կառավարությունում, եւ գերատեսչությունները հանձնարարականներ ունեն: Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը բարձրացնելու է իրազեկումը, տվյալներ է հավաքագրելու, բուժաշխատողների շրջանում լինելու են վերապատրաստումներ:

Առողջապահության փոխնախարարն ընդգծեց նաեւ, որ հոգեխթանիչների օգտագործումը շատ անգամ հանգեցնում է նաեւ հոգեկան առողջության խնդիրների: Նույնիսկ դեպքեր են լինում, երբ հոգեբուժական բուժօգնության կարիք են ունենում եւ հիվանդանոցային բուժում են ստանում երիտասարդները, որոնք օգտագործում են հոգեխթանիչներ:

 

 

 

 

ԽՈՀԱՆՈՑԸ ՓԱԿ ԵԼ ԵՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում եւ պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։

Մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը հարթ չի եղել եւ պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

– սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով,

– բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում,

– սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների։

Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

 

ՍԵՐԲԻԱՆ ԶԵՆՔ ՉԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ

Բելգրադը զենք չի վաճառել եւ չի վաճառելու ո՛չ Կիեւին, ո՛չ Մոսկվային։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչը։

«Ավելի քան 10 անգամ մենք հերքել ենք այդ սուտը, նորից կանենք դա։ Սերբիան չի վաճառել եւ չի վաճառելու զենք ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմին, ինչպես նաեւ այն պետություններին, որոնք հակամարտության գոտու հարեւանությամբ են գտնվում։ Հավանաբար, ինչ-որ մեկն իր առջեւ նպատակ է դնում Սերբիան ներքաշել հակամարտությունում, բայց մենք հետեւողականորեն մնում ենք մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ»,- ասել է նախարարը Tanjug գործակալությանը։ Նա չի բացառել սերբական զենքի հայտնվելու հնարավորությունը հակամարտության գոտում «ինչ-որ կախարդական եղանակով», բայց, նրա խոսքով, «դա ոչ մի կերպ կապված չէ Սերբիայի հետ»։

Reuters գործակալությունը, հղում կատարելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք հայտնվել են ինտերնետում արտահոսքի պատճառով, հանդես է եկել այն պնդմամբ, թե Սերբիայի կառավարությունը հնարավոր է համարում մահասփյուռ զենքի մատակարարումն ուկրաինական բանակի համար։ Գործակալությունը վկայակոչում է այն գծապատկերը, որն ամփոփում է Եվրոպայի 38 երկրների կառավարությունների պատասխանը Կիեւին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության վերաբերյալ հարցերին։

 




Լրահոս