ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հայերեն տպագրված գրքերի բոլոր տեսակների օտարումն ազատել ԱԱՀ-ից: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդ հանգամանքը կբերի գրքի գնի նվազեցմանը և հրատարակվող գրքերի քանակի ավելացմանը։
Բանն այն է, որ ներկայումս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակները, որոնք վերաբերում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարմանը։
Նաև նշվում է, որ վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ նվազեցրել են տնտեսավարողների գրքերի հրատարակչության և իրացման հետ կապված հարկային բեռը` ընդհուպ մինչև առանձին հարկատեսակների վերացում։ Համապատասխան նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման:
Ն.Հ.