Փաշինյանի ու Ալիևի հռետորաբանությունները համահունչ են և ոչ հայանպաստ. Արցախից արձագանքում են Փաշինյանի մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արցախում իրեն սխալ են հասկանում: Հայաստանի վարչապետը նման տեսակետ է հայտնել այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ արձագանքելով Արցախի ԱԺ խմբակցությունների երեկվա հայտարարությանը:
Արցախի ԱԺ խմբակցությունները, մասնավորապես, հայտարարել էին, որ անընդունելի են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով լիարժեք ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Դավիթ Գալստյանն էլ, արձագանքելով Փաշինյանի այս դիտարկմանը, նշում է, Փաշինյանը ինչպես միշտ մոլորեցնում է և մեղավորներ է փնտրում. «Փաշինյանը, ինչպես միշտ, ուրիշներին է մեղադրում, թե իր ասած ուղիղ խոսքը ճիշտ չեն հասկանում, բայց այն, որ Փաշինյանի ու Ալիևի հռետորաբանությունները համահունչ են և ոչ հայանպաստ, սա ոչ ոք չի կարող հերքել, քանի որ երևում է թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի ելույթներում»,-ասում է Դավիթ Գալստյանը ու հավելում՝ Նիկոլ Փաշինյանն իր անգործության կամ սխալ գործունեության արդյունքում փորձում է մշտապես ուրիշներին մեղավորներ նշանակել:

«Նա մի բան է ասում, հետո փորձում է հանրությանը մոլորեցնել, թե դա նկատի չուներ, կամ իրեն սխալ են հասկացել, կամ ինքը պատասխանատու է, բայց մեղավոր չէ, այս ամենը խոսում է այն մասին, որ նա ամեն կերպ փորձում է իր իշխանությունը երկարաձգել, ինչը չի բխում հայի շահերից»,-եզրափակում է Արցախի պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս