Կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2023 թվականի բյուջեի նախագծում: Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 716 հազար դրամ հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը: Այդ գումարն անհրաժեշտ է Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու համար:
Ինչպես հայտնի է, Երևանում ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 1,16 մլրդ դրամ գնային առաջարկ և կնքվել է պայմանագիր:
Սակայն առաջնության կազմակերպման գործընթացի շրջանակում առաջացել է նոր ծառայությունների անհրաժեշտություն: Օրինակ, «Կիլիկիա» մարզադահլիճի մասնակի բրենդավորում (մարզումային դահլիճի ֆասադի ճակատային մասի, մուտքի դռների և ներսի բրենդավորում), բրենդային այլ պարագաների պատրաստում, այդ թվում՝ բրենդային պայուսակների պատրաստում (750 հատ), բրենդային ջրաման (750 հատ), բրենդային նոթատետր (750 հատ), բրենդային գրիչ (750 հատ), կրծքանշան (58 մմ 375 հատ, 44 մմ 375 հատ, 30 մմ 40 հատ): Եվ այդ ծառայությունների համար կպահանջվի ևս 33 մլն 716 հազար դրամ գումար:
Նշենք, որ հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է բարձրացնելով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հարցը:
Հավելենք, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է:
Ն.Հ.