Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:
Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: