Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ իսլամական սուրբ տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն
առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ
Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ:

Վարչապետի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Շնորհավորանքիս ջերմ խոսքերն եմ հղում Ձեզ և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին
ինքնամաքրման և ծոմապահության ավարտը խորհրդանշող Ֆեթր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ այս
լուսավոր տոնի խորհուրդը հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի անբաժան ուղեկիցը լինի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են
հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր ներկայանալով
որպես քրիստոնեության և իսլամի արդյունավետ երկխոսության վառ օրինակ, առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հանուն տարածաշրջանային կայունության:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝
հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ իսլամական սուրբ տոնի՝ Ֆեթրի կապակցությամբ: Թող այս տոնի
բարեբերությունն ու օրհնությունները մշտապես ուղեկցեն հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին:

Հազարամյակների հարուստ պատմության վրա խարսխված և անշեղորեն զարգացող մեր երկկողմ
հարաբերությունների առավել ամրապնդման համար այսօր առկա են բոլոր նախադրյալները: Լիահույս եմ, որ
քաղաքական կամքի և կայուն փոխգործակցության շնորհիվ ականատեսը կլինենք մեր երկու երկրների
համագործակցության ընդլայնման՝ հանուն հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային
անվտանգության:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության
բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:




Լրահոս