Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի ռեժիմի ցանկացած միակողմանի փոփոխություն, որը չի բխում Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության դրույթներից։ Այս մասին ասվում ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ միավորման պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխություն կամ այն օգտագործելու փորձեր, որոնք չեն համապատասխանում խաղաղության օրակարգին։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չստեղծվեն։
Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկարամսյա պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղիների համատեքստում՝ ներառյալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցումը։
Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում»՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ։ Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ արշավի միջոցով», – ասված է հայտարարությունում։