
Արցախը Հայաստանին կապող մայրուղու վրա Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նա նշել է, որ բնակիչները կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Պետնախարարի փոխանցմամբ, մինչև անցկետի տեղադրումը և ճանապարհը փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանում։
Նշենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.