Որոշակիորեն վերականգնվել է ադրբեջանական ապօրինի անցակետի պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը ՀՀ-ից Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:

Այս մասին իրազեկում է ԱՀ տեղեկատվական շտաբը:

Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:

Շտաբը գրառման մեջ նաև ասված է.

«Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ:

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով»:




Լրահոս