Ադրբեջանի անցակետի պատճառով չեղարկվել է 28 բուժառուի տեղափոխումը ՀՀ. նրանց թվում հղի կա և սուր լեյկոզով 9-ամյա երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս ընթացքում ընդհանուր առմամբ 337 բուժառու է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն:

Չկայացած ուղերթում է նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում:

Չեղարկված տեղափոխման մեկ այլ դեպք առնչվում է 9 տարեկան սուր լեյկոզով փոքրիկ արցախցու:

Առողջապահության նախարարությունը շարունակում է պաշտոնական հաղորդակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օր առաջ կազմակերպելու ուղեգրված բուժառուների տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն:




Լրահոս