ԱՄՆ-ն ու Եվրոպան մտահոգված են. ինչպես է արձագանքում միջազգային հանրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրության կողմից շարունակվում են Ադրբեջանին ուղղված կշտամբանքները, սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, դրան էլ ավելացել է տեղադրված անցակետը:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին հսկիչ անցակետի ապօրինի տեղադրմանը: Նա կրկին հայտարարել է, թե Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Նրա խոսքով, Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ։

Իր հերթին Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Անդրեյ Կովաչենչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՝ «Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին»: Նրանք ևս իրենց մտահոգությունն են հայտնել 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։

Ն.Հ.




Լրահոս