ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն: Հիմնավորման մեջ նշվում է, թե այն ստեղծելով հնարավոր կլինի կազմակերպել և օգտագործել գոյություն ունեցող մարզադաշտը կից սպորտային համալիրով և անցկացնել սպորտային միջոցառուներ ու հավաքներ, իրականացնել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, որը հնարավորություն կտա նաև պահպանել գույքը, ձեռք բերել նորը և ներդրուներ կատարել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության գործառույթների շրջանակներում կիրականացվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր մարզաձևերի 18 տարեկանից բարձր տարիքի հավաքականների թեկնածուների մարզումները։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Որպես հիմնավորում նշվում է, որ այժ, Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։
Ըստ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կատարված վերլուծությունների՝ յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող 120 մարզիկ հնարավորություն կունենա մարզվել Ընկերությունում:
Միաժամանակ ներկայումս բաց է մնում նաև 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականության խնդիրը։
Ընկերության հիմնումը ենթադրում է ուսումնամարզական կենտրոնի ստեղծում, որը կապահովի 2 թիրախային խմբերի մարզումների հետագա շարունակականությունը:
Ն.Հ.