
Հայաստանի կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել և առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Մի քանի փոփոխություններ են կատարվելու: Դրանցից մեկով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը պետք է քննի ամբողջ կազմով:
Ընդ որում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար Բարձրագույն դատական խորհրդում ձեւավորվում է Բարձրագույն դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ և անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված:
Ն.Հ.