Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել փոխել քաղաքականությունը և հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը համատեղ հայտարարությամբ կոչ են անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը,

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը,

և Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել «Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին» համատեղ հայտարարությամբ:

«Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,-նշել են ԵԽ պատգամավորները:

Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվում է՝ հումանիտար դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, խաթարելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։

«Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել իր քաղաքականությունը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հարգել միջազգային պարտավորությունները և նորմերը»,-ասված է հայտարարությունում:

Նրանք վստահեցրել են, որ Եվրամիությունը շարունակում է կողմերին՝ բանակցությունների միջոցով իրենց բոլոր տարաձայնությունների լուծմանը աջակցելու իր պատրաստակամությունը:

ԵԽ պատգամավորները ցավալի են համարել, որ նման գործողություններ իրականացվել են հենց ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին՝ 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցին:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության ժամանակ զոհված մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոն մնալ բորբոքիչ հռետորաբանության և ատելություն հրահրող, հաշտեցումը կանխող բոլոր դեպքերի առնչությամբ»,-եզրափակել են պատգամավորները:




Լրահոս