Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերենի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և համագործակցության լայն շրջանակում մատնանշելու համատեղ անելիքները:
«Շատ ուրախ եմ, որ այսօր մեր համագործակցությունն ամրապնդում ենք երկու նոր նախաձեռնությամբ: Կարևորում եմ, որ այս նախաձեռնությունները խթանելու են դպրոցներում ֆրանսերեն խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը: Ներկայում մենք հանրակրթության ոլորտում իրականացնում ենք մի շարք բարեփոխումներ, և օտար լեզուների իմացության բարելավումը մեր բարեփոխումների առանցքային ուղղություններից է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը կրթական ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Լիահույս եմ՝ այս նոր ծրագրերը կամրապնդեն դպրոցներում ֆրանսերենի իմացությունը, որը ոչ միայն լեզվի իմացություն է, այլև քաղաքակրթական արժեհամակարգ, որը նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հայաստանում ֆրանսերենի օգնականների ծրագրի իրականացման ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց:
Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերենի օգնականներ տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն. «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաև սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ և այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը»: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացման և ներկայացված ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև համագործակցության շարունակման նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: