Հարգելի՛ հայրենակիցներ,
Այն մտահոգիչ զարգացումները, որոնք վերջին մեկ շաբաթում տեղի են ունենում Հայաստանն Արցախին կապող միակ ավտոճանապարհի վրա, ստվերում են մնացյալ բոլոր մեծ ու փոքր գործընթացներն ու հոգսերը՝ Երևանի ավագանու ընտրություններից մինչև ԱԺ նիստեր։
Մեր հայրենիքի արցախյան հատվածի հարյուր հազարավոր բնակիչներ հայտնվել են տոտալ շրջափակման պայմաններում՝ ամբողջապես զուրկ ներսուդուրս անելու և մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից, իսկ թշնամին արդեն իր անցակետն ու ցուցանակն է տեղադրել Հակարի կամրջի վրա։
Ամենայն պատասխանատվությամբ և վճռականությամբ հայտարարում եմ, որ որպես ՀՀ քաղաքացի՝ ես և ինձ պես՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ, նույնիսկ այս իշխանության ընտրազանգվածը, ոչ միայն մանդատ և իրավազորություն չեմ տվել այս վարչակազմին՝ Արցախը վերջնականապես օտարելու մայր հայրենիքից, այլև անելու եմ հնարավոր ամեն ինչ՝ մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, Արցախը հայկական պահելու համար։
Տարբեր առիթներով ընդգծել եմ, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը չի կարող լինել Արցախի հայության իրավունքների և նախևառաջ՝ անվտանգության հաշվին։
Արցախը թշնամի պետության կազմում ճանաչելով՝ Հայաստանը ոչ միայն չի մոտեցնելու Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանը, այլև ազատորեն դուռ է բացելու թշնամական նոր արկածախնդրությունների առաջ։
Ես և մեր կուսակցությունը լիարժեքորեն սատարում ենք արցախահայության աննկուն պայքարը հանուն ազատության և վստահ ենք, որ Արցախի հերոսական ժողովուրդը այս մի փորձությունն էլ անցնելու է մեծ հաստատակամությամբ։
Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ