Արցախի 2 քաղաքացի թունավորվել է թունախեղդած կարտոֆիլից: Այս մասին հայտնել է ԱՀ դատախազությունը։ Ըստ հայտարարության՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս.Ա.-ից ձեռք է բերել գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված 4 000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին: Նշվում է, որ մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում այն կարող է կյանքի և առողջության համար վտանգավորություն ներկայացնել։
Վաճառված կարտոֆիլ օգտագործած քաղաքացիներ Ա.Ս.-ն և Պ.Հ-ն 25.03.2023թ. ժամը 10:00-ին սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել են ԱՀ առողջապահության նախարարության Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում: Փաստի առթիվ 22.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը: