Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ երևացել է ուղիղ եթերում վատառողջության հետ կապված միջադեպից հետո, որի պատճառով նա չեղյալ է հայտարարել նախընտրական քարոզարշավին մասնակցությունը։ Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում են տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիսավոր արարողության, որը նվիրված է Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու» թիվ 1 էներգաբլոկին ռուսական արտադրության միջուկային վառելիքի մատակարարմանը։ Էներգաբլոկը կառուցում է ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան։
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը բժիշկների խորհրդով բաց էր թողել նախընտրական մի շարք միջոցառումներ։ Երեքշաբթի օրը տեղի հեռուստաալիքներին նախագահի հարցազրույցը կտրուկ ընդհատվել էր, քանի նա եթերում իրեն վատ էր զգացել։
Թուրքիայի առաջնորդը երկար դադարից հետո վերադարձել էր եթեր ու ասել, որ նախընտրական խիտ գրաֆիկի պայմաններում հիվանդացել է։ Նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ավելի ուշ հայտնել էր, որ նախագահի առողջական վիճակը նորմալ է։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրը հաստատել էր, որ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի «Աքքույու» ատոմակայանի միջոցառումներին։ Իսկ հինգշաբթի օրը Մերսինում նախատեսված հանրահավաքը հետաձգվել է։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի գլխավոր հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը: